Հունիսի 4-5-ը Գուգարաց թեմում տեղի կունենա Սբ. Հովհան Օձնեցուն նվիրված գիտաժողով

Հունիսի 4-5-ը Գուգարաց թեմում տեղի կունենա Սբ. Հովհան Օձնեցուն նվիրված գիտաժողով 02.06.2003

Հունիսի 4-5-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմը կազմակերպել է «Սբ. Հովհան Օձնեցի հայրապետը եւ իր ժամանակը» խորագրով գիտաժողով:

Երկօրյա գիտաժողովի ընթացքում պատմական Հաղպատա վանքում կլսվեն մեկ տասնյակից ավելի բանախոսություններ, որոնք բազմակողմանիորեն կներկայացնեն 8-րդ դարի հայոց հայրապետի գործունեությունն ու նրա մատենագրական ժառանգությունը («Հովհան Օձնեցու ուսմունքը Քրիստոսի երկու բնությունների մասին», «Հովհան Օձնեցին եւ եկեղեցական ժողովները», «Հովհան Օձնեցին որպես պատկերահարգ եւ պատկերաբան», «Հովհան Օձնեցին եւ ճարտարապետությունը», «Հովհան Օձնեցին եւ խաչքարային մշակույթի ձեւավորումը» եւ այլ թեմաներ):

Հունիսի 3-ին գիտաժողովի մասնակիցները հանդիպում կունենան Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի հետ, կայցելեն Սանահինի վանք եւ Ալավերդու նորակառույց Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցի: Հունիսի 4-ին մասնակիցները ուխտի կմեկնեն Օձուն եւ Արդվիի Սբ. Հովհաննես (Սրբանես) եկեղեցի, ուր գտնվում է հայոց Իմաստասեր կաթողիկոսի շիրիմը: