Հոգեհանգստյան կարգ ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի զոհերի
Դեկտեմբերի 7-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն
1988 թ. երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար:
Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը:
Մինչ արարողությունը խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` անդրադառնալով մեր ժողովրդին աղետալի երկրաշարժի պատճառած ծանր կորուստներին և առ այսօր դեռ ամբողջությամբ չհաղթահարված հետևանքներին:
Հոգեհանգստյան կարգի ընթացքում Մայր Աթոռի միաբանությունը Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ աղոթեց նաև օրերս զոհված օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի և զինծառայող Հայկ Քարամյանի հոգիների խաղաղության համար: