Հոգեհանգստյան արարողություն երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի շիրիմի առջեւ

Սեպտեմբերի 20-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան օրվա առիթով հայոց 130-րդ կաթողիկոսի շիրիմի առջեւ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն` Տ. Ներսես արք. Պոզապալյանի հանդիսապետությամբ եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի աղոթական մասնակցությամբ:

Ինչպես նշեց Ներսես Սրբազանը, հոգելույս Հայրապետը 39 տարիներ շարունակ Լուսավորչի գահին բազմած հովվեց իր հոտը խորհրդային անաստվածության դժվարին ժամանակաշրջանում, եւ սակայն թողեց իր մնայուն հետքը Հայ եկեղեցու երկնակամարում` արժանիորեն վաստակելով Շինարար Կաթողիկոս անունը:

Հոգեհանգստյան արարողության երգցողությունը կատարում էին երջանկահիշատակ կաթողիկոսի անունը կրող Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի սաները, որոնց համար արդեն ավանդական ուխտ է դարձել այցելությունը Վեհափառի շիրիմին` նրա ծննդյան տարեդարձի օրը: