Հոգեհանգստյան արարողություն` Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Շաբաթ երեկոյան` մայիսի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Երեւան-Սոչի ուղերթի օդանավի ավիավթարից զոհվածների հիշատակին:
Արարողության սկզբին հայտարարվեց լռության րոպե, որին հետեւեց հոգեհանգստյան արարողությունը:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մխիթարության խոսքը ուղղեց զոհվածների ընտանքիներին եւ բարեկամներին, ինչպես նաեւ սգացող աշխարհասփյուռ ողջ հայ ժողովրդին` մասնավորապես նշելով. «Այս սուրբ Տաճարում մենք այսօր հավաքվել ենք միասնաբար աղոթելու երեք օր առաջ ինքնաթիռի կործանման պատճառով զոհվածների հոգիների հանգստության համար: Մեր մեծ վիշտը կիսում են միլիոնավոր մարդիկ, բազմաթիվ ժողովուրդներ, եկեղեցական, պետական գործիչներ` մեզ հետ աղոթք բարձրացնելով երկինք, որ Բարձրյալն Աստված լույսերի եւ երանական խաղաղության մեջ ընդունի զոհվածների հոգիները եւ սփոփանք եւ մխիթարություն պարգեւի նրանց ընտանիքներին եւ հարազատներին: Սիրելիներ, այս կյանքի մասն են փորձանքները, հոգսերը, վիշտը, ինչպես եւ մահը: Մահը սակայն կյանքի վախճանը չէ: Մահն այս կյանքում է` ժամանակավոր ու անցավոր: Աղետից զոհվածները հեռացան մեզանից, բայց կյանքը չհեռացավ նրանցից: Նրանք գնացին միանալու մեր Արարչին, Ամենակարող Աստծուն, ով մեր նկատմամբ անբավ Իր սիրով պարգեւել է մեզ հավիտենական կյանքը` մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով: Միշտ դժվար է հարազատից բաժանումը, մեծ է հարազատի կորստի ցավը: Մենք չգիտենք, թե ինչպես կամոքի Աստված վշտերն ու մորմոքը, ինչ սփոփանք կպարգեւի, բայց թող անհատնում եւ անխախտ լինի մեր հույսը Աստծո ողորմության վրա: Աստված է, որ զորացնում է մեզ, երբ մենք վշտահար ենք եւ տկար հոգով: Աստծո մոտ է ամեն մխիթարություն: Աստված մխիթարում է մեզ մեր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ, ինչպես ասում է առաքյալը, կարող լինենք մխիթարել նրանց, ովքեր նեղությունների մեջ են (Բ Կորնթ. Ա : 3-4):
Ի խորոց սրտի աղոթքով հայցում ենք, որ Տերը արարչական իր սիրով ու գթությամբ ընդունի հոգիները աղետի 113 զոհերի եւ արժանացնի Աստվածային Իր լույս տեսությանը, եւ Սուրբ Հոգու շնորհով սփոփանք ու մխիթարություն պարգեւի նրանց սգակիր ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին: Զորացեք հավատով, սիրելիներ: Կյանքի վախճանը մահը չէ: Նրանց կյանքը պիտի շարունակվի, նրանց հիշատակը անմար պիտի լինի Ձեր Աստվածասեր ընթացքով եւ արդար գործերով:»
Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ առաջին տիկին Բելլա Քոչարյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` տիկնանց հետ: Ներկա էին նաեւ նախարարներ, պաշտոնյաներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան հոգեւորականներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդմաներ, զոհվածների հարազատներ եւ հազարավոր հավատացյալներ:
Արարողության ընթացքում Նորին Սրբության կողքին էին Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Ներսես արք. Պոզապալյանը, Գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Մայր Աթոռի վարչակազմակերպչական գործերի տնօրեն Գերաշնորհ Տ. Փառեն եպս. Ավետիքյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպս. Խաչատրյանը, Հայաստանյան թեմերի առաջնորդներ, հոգեշնորհ եւ բարեշնորհ հայրեր:
Արարողությունը հեռարձակվում էր ուղիղ եթերով: