Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանին
Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին:
Ողջունելով դեսպանին՝ Նորին Սրբությունը բարեմաղթեց արդյունավոր առաքելություն: Հայոց Հայրապետը, անդրադառնալով Մայր Աթոռի և դեսպանության միջև առկա սերտ փոխգործակցությանը, ընդգծեց, որ այն խարսխված է դարավոր բարեկամության վրա։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս դեսպանի, իր շնորհակալությունը հայտնեց Հունաստանի Հանրապետությանը Հայաստանին պատերազմի ծանր օրերին ցուցաբերած զորակցության և աջակցության համար։
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ նաև երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին` խոսելով Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում կրած ծանր և ողբերգական կորուստների մասին:
Իր հերթին Հունաստանի դեսպանը Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի բարեկամ երկրների փոխհարաբերությունների խորացման, հայ-հունական գործակցության առավել զորացման ուղղությամբ:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ դեսպան Էվանգելոս Տուրնակիսին իր մտահոգություններն արտահայտեց ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ։