ՀՀ թեմակալ առաջնորդների, մարզպետների ու քաղաքագլուխների հանդիպումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ թեմակալ առաջնորդների, մարզպետների ու քաղաքագլուխների հանդիպումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 21.03.2006

Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայաստանի եւ Արցախի թեմակալ առաջնորդների եւ ՀՀ Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ մարզպետների, Երեւանի եւ մարզկենտրոնների քաղաքագլուխների եւ Երեւանի թաղապետերի հանդիպում: Հանդիպմանը ներկա էին նաեւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամները:
Հավաքի սկզբին մասնակիցներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարկի ներքո համախմբվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ներկայացուցիչներ` Հայ Եկեղեցու առաջնորդների դասի հետ համատեղ քննարկելու ազգային-եկեղեցական կյանքին առնչվող խնդիրներ, որոնք հուզում են այսօր ամենքին, եւ համատեղ ջանքերով փորձելու գտնել դրանց լուծման ճանապարհներ: Նորին Սրբությունը ամենքին բերեց Հայրապետական իր օրհնությունը եւ ի դեմս տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների իր գնահատանքը հայտնեց ՀՀ իշխանություններին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն զորակցության համար: Հայոց Հայրապետը անդրադարձավ Եկեղեցու վարչակազմակերպական կյանքին առնչվող խնդիրների, կարեւորությամբ ընդգծեց գյուղերում ու քաղաքներում ծխական համակարգի վերականգնման անհրաժեշտությունը, որպես կարեւոր նախապայման Եկեղեցու հոգեւոր, քարոզչական, կրթադաստիարակչական առաքելության իրականացման: «Համայնքների եւ ծխական մարմինների վերականգնմամբ պիտի կարողանանք առավել չափով նպաստել քրիստոնեական հավատքով, վարդապետությամբ եւ ավանդույթներով խմորված հայ ընտանիքի ամրացմանը եւ Հայոց պետականության հիմերի զորացմանը»,-ասաց Նորին Սրբությունը:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ նախարար Հովիկ Աբրահամյանը` ուրախություն հայտնելով Հայաստանյայց Եկեղեցու եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ ձեւավորվող համագործակցության համար: Նախարարը կարեւորեց սկսված գործընթացը եւ հորդորեց մարզերում տեղական քննարկումների միջոցով ծրագրավորել անելիքները` նկատելով, որ Եկեղեցի-պետություն այս համագործակցությունն առավել պիտի նպաստի մեր Հայրենիքի եւ ժողովրդի կյանքի առաջընթացին:
Քննարկումների ընթացքում մտահոգություններ արտահայտվեցին նաեւ աղանդների քայքայիչ գործունեության առնչությամբ: Առաջիկա համագործակցության առնչությամբ հոգեւոր առաջնորդների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից կատարվեցին բազում առաջարկներ: