Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի խաղաղության և անսասանության համար
Ապրիլի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի ապահովության և անսասանության համար:
Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ բարձրացավ Ավագ խորան, որտեղից իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին` անդրադառնալով ապրիլի 1-ից 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին:
«Աղոթքի ենք կանգնած այսօր բոլորս, սակայն խռովված է ազգի յուրաքանչյուր զավակի հոգին, որովհետև, ինչպես տեղեկացանք, երեկ գիշեր ազգիս զավակունք վերստին հարկադրված եղան իրենց կյանքով պաշտպանելու մեր Հայրենիքի սահմանների խաղաղությունը և մեր ժողովրդի ազատ կյանքը:
...Մարտական գործողություններն այսօր ևս շարունակվում են: Մեր զինվորները քաջաբար, արիասիրտ կերպով պաշտպանում են մեր սահմանները:
Հավատում ենք, որ մեր ժողովրդի զավակունք, ազգս հայոց իր հոգու խռովքն ու ընդվզումը պիտի վերածի ակունքի նոր ուժականության, արիության ոգու և արժանի հարված տա հակառակորդին` վերահաստատելով մեր սահմանների խաղաղությունը:
Մենք Հարության լուսապայծառ օրեր ենք ապրում, մեր կյանքը լուսավորված է հարության հավատքով: Այս ոգով մենք հաղթահարել ենք մեր կյանքի բոլոր փորձությունները, մղել ենք մեր կյանքի, պատմության բոլոր ճակատամարտերը, և Աստված հաղթություն է պարգևել մեր ժողովրդին, շնորհ տվել կերտելու իր պետականությունը և զորություն` պաշտպանելու իր ազատ կյանքը: Մենք հավատում ենք, որ այս նույն ոգով` միաբան ու միասնական, հարության հաղթական հավատքով մեր ժողովուրդը պիտի շարունակի կերտել իր խաղաղ կյանքը, շենացնել իր երկիրը, անվտանգ ու ապահով պահպանել երկրի սահմանները», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:
Նորին Սրբությունը հորդորեց ժողովրդին հանձնառության ոգով գոտեպնդել երկրի սահմանների վրա իրենց նվիրական պարտքը կատարող հայորդիներին, որպեսզի նրանք նույն արիությամբ շարունակեն իրենց սրբազան ծառայությունն ի սեր Հայրենիքի և ի սեր ժողովրդի:
Վեհափառ Հայրապետը նաև հրավիրեց ամենքին աղոթք բարձրացնելու առ Աստված Հայրենիքի զորության ու խաղաղության, ինչպես նաև հայոց զոհված զավակների և վիրավորների համար:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերն Իր ամենազոր Աջը հովանի դարձնի Հայաստանի և Արցախի վրա և անխռով պահելով ժողովրդի կյանքը` համայն հայությանը մշտապես առաջնորդի հաղթության ուղիով:
Արարողության ընթացքին` սուրբգրային ընթերցումներից հետո, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ծնրադիր ընթերցեց «Գոհանամք զքէն» աղոթքը` հայցելով Աստծուց անսասանություն, պայծառություն ու բարօրություն Հայոց աշխարհին և երկնառաք օրհնություն` համայն հայոց ազգի համար:
Հանրապետական մաղթանքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթեց մարտական գործողությունների ժամանակ զոհված հայորդիների հոգիների հանգստության համար: