Հանրապետական մաղթանք Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ

Մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք:

Նույն օրը Վեհափառ Հայրապետը ՀՀ եւ ԼՂՀ նախագահների եւ պետական այրերի հետ ներկա եղավ Սարդարապատում տեղի ունեցած տոնական հանդիսությանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

(28 մայիսի, 2003 թ.)

Սիրելի ժողովուրդ հայոց

Անկախության Օրվա խորհրդով այսօր ուրախ ու լուսավորված են մեր հոգիները, եւ վերստին փառք ենք բարձրացնում երկինք, որ ազատ է մեր Հայրենիքը ու լեցուն նոր կյանքի հույսերով:

Այսօր մենք կրկին համակված ենք այն գիտակցությամբ, որ Հայաստանի անկախությունը մեզ ավանդված թանկ ու սրբազան ժառանգություն է: Չկա առանց անկախության ապրած մի դարաշրջան հայոց պատմության մեջ, երբ մեր ժողովուրդը ձգտած չլինի ու մարտնչած չլինի վերագտնելու համար Հայաստանի ազատությունը: Այս ճշմարտությամբ գոտեպնդված եւ առած հավատի վահանը մեր սրտերին, հավատարիմ լինենք Հայրենիքի առաջ մեր պարտքին, որպեսզի մեր զավակները ժառանգեն ազատ, հզոր ու բարօր Հայրենիք եւ միշտ ուրախ ու լավատես տոնեն Հայաստանի Անկախության Օրը:

Փառք հայոց անկախությունը կերտած հայորդիներին:

Փառք ազատասեր ու խաղաղասեր ազգիս հայոց:

Փառք մեր ազատ Հայրենիքին:

Սիրելի հայորդիք, Անկախության Օրվա պանծալի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով ողջունում եւ Մեր օրհնությունն ենք հղում բոլորիդ ի Հայաստան եւ ի Սփյուռս: Թող Տերը պահպանի մեր Հայրենիքը, ազգս հայոց եւ պարգեւի բարօրություն ու բարգավաճություն:

Շնորհք եւ սէր Աստուծոյ եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեանն. ամէն: