Հանդիսություններ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` նվիրված Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 70-ամյակին

Օգոստոսի 25-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Գերաշնորհ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը: Պատարագին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, հոգելույս Հայրապետի հարազատներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Եկեղեցիների Ազգային խորհրդի պատվիրակությանը` գլխավորությամբ խորհրդի նախագահ դր. Ռոբերտ Էդգարի:

Պատարագիչ Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանին, Հայրապետի կատարած վարչական բարեփոխումներին, գրահրատարակչական գործունեությանն ու քրիստոնեական եկեղեցիների միջեւ հարաբերությունների սերտացմանն ուղղորդված նրա ջանքերին:

Հավարտ Ս. Պատարագի լուսահոգի Հայրապետի շիրիմի մոտ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն:

Նույն օրը երեկոյան, ժամը 19:00-ին կատարվեց Եղիշե Մանուկյան Մատենադարանի եւ Գարեգին Ա Աստվածաբանական, Հայագիտական հետազոտական կենտրոնի հուշաքարի օրհնությունը` ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Հանուն Մայր Աթոռի միաբանության բացման խոսքով հանդես եկավ Գերաշնորհ Տ. Տաթեւ եպս. Սարգսյանը: Նա իր շնորհակալությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին այս գեղեցիկ նախաձեռնության համար, ապա ներկայացրեց Հայ Եկեղեցու ազգային բարերարներ Եղիշե Մանուկյանի եւ նրա որդու` Վաչե Մանուկյանի ազգանվեր գործունեությունը, անդրադարձավ Գարեգին Ա աստվածաբան Հայրապետի` գրքի նկատմամբ տածած սիրուն` նկատելով, որ Գարեգին Ա Աստվածաբանական, Հայագիտական հետազոտական կենտրոնի բացումը ամենամեծ հարգանքի արտահայտությունն է Հայրապետի անձի նկատմամբ:

Հուշաքարի օրհնությունից հետո ներկաներին իր խոսքն ուղղեց Գարեգին Բ Հայրապետը: «Նույնացած է Գարեգին Վեհափառ Հայրապետի անձի եւ էության հետ գիրքն իր արժեքով եւ այդ առումով թերեւս ամենաարժանավոր հետնորդն էր մեր հայրերի, մեր նախնյաց, եւ այսօր եթե մենք պիտի փորձենք արժեւորել նրա կյանքն ու գործունեությունը, վստահաբար առանձնակի տեղ պիտի գրավի գրքին, գիր ու գրականությանը հատկացրած եւ այդ ոլորտում արձանագրած իր վաստակը»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նույն օրը երեկոյան ժամը 20:00-ին Վեհարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 70-ամյակին նվիրված հուշ երեկոն` բարձր նախագահությամբ Գարեգին Բ Հայրապետի: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Գիտության եւ Կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը, հոգելույս Հայրապետի հարազատները եւ մտավորականներ:

Բացման խոսքով հանդես եկավ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Բագրատ վրդ. Գալստանյանը: Այնուհետեւ բանախոսությամբ հանդես եկավ Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը: Սրբազան Հայրն իր խոսքում անդրադարձավ իմաստուն եւ նվիրյալ Հայրապետի կյանքին եւ գործունեությանը: Բանախոսություններով հանդես եկան նաեւ Մայր Աթոռ. Ս. Էջմիածնի Գերագույն Հոգեւոր խորհրդի եւ ՀՀ Սահմանադրական Դատարանի անդամ Ռաֆայել Պապայանը, Գիտության եւ Կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Վերջում ներկաներին իր օրհնության խոսքն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Այսպես էր զգում ու պատկերացնում Հայ Եկեղեցու դերը երջանկահիշատակ Հայրապետը` մտնել ազգի մեջ հոգու եւ մտքի ուժով եւ նրան կյանքով նորոգել. Քրիստոսի Հարուցյալ կյանքով, նախնյաց փառքով ներկան իմաստավորել ու վստահորեն գալիքին նայել, հավատալ ու առաջ ընթանալ: Քրիստոնեական հավատքն ու ազգային պատկերը դաշնորեն ու հարազատորեն շաղախած իր մեջ` Գարեգին Ա լուսահոգի Հայրապետը առանց հոգնելու արդյունավորեց իր օրն ու ժամը, իր ամեն քայլը հոգեւոր գործունեության բոլոր հանգրվաններում` լինի տեսչություն« առաջնորդություն« թե կաթողիկոսություն: Այդպիսին էր նա« քանզի առաջնորդվելու իր սկզբունքը« ապրելու իր ելակետը« իր կոչումը ծառայությունն էր Աստծուն, ազգին, Եկեղեցուն ու Հայրենիքին», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Հանդիսությունն ավարտվեց Հայրապետի «Պահպանիչով»: Գեղարվեստական հայտագրով ներկաներին հանդես եկավ Երեւանի Կամերային երգչախումբը` ղեկավարությամբ Հարություն Թոփիկյանի: