Հանդիսություն Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով
Դեկտեմբերի 1-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնին նվիրված հանդիսություն:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսներ, սաներ և այլ հրավիրյալներ:
Ցերեկույթը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Ապա ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը` ներկայացնելով նաև իր խորհրդածությունները տոնի և Հայաստանում առաքելական քարոզչության կապակցությամբ:
«Հայոց աշխարհում Քրիստոսի լույսը սփռած երկու առաքյալները նախընտրեցին իրենց կյանքը մեկընդմիշտ դարձնել աղբյուր ներշնչանքի դեպի դարերի անհուն ապագա ձգվող սերունդների համար: Ինչպես հայտնի մի հեղինակ է ասում. «Դու կամ առաքյալ ես, կամ` լոկ դաշտ առաքելության: Դու կամ զինվոր ես Խաչի, կամ` այն զինվորները, որ Խաչի մոտ էին կանգնած: Դու կամ Աստծուն փնտրող ես, կամ` մեկը, ում Աստված է փնտրում»: Մեր առաջին լուսավորիչների առաքյալագործության մեծ ավանդը հայոց աշխարհում ծնեց բյուրավոր նվիրյալների` հայրապետների, եպիսկոպոսների, վարդապետների, երեցների, սարկավագների ու աշխարհականների, ում համար խաչի խորհրդի առջև զուտ կանգնելն ու հիանալը, կամ այդ խորհրդի մասին հավետ խոսելը թերի էր ու թերևս ոչ պիտանի: Նրանց համար հանուն Քրիստոսի կենարար խոսքի ֆիզիկական ու հոգևոր նահատակություն կրելը դարձավ Խաչի զինվորագրման փաստագիր: Համաձայն սրա նրանց կյանքի մեծագույն առաքելություն դարձավ Խաչի փնտրտուքը, որի խորհրդին փարված նրանք գտան Աստծուն: Նրանցից ոմանք Աստծուն փնտրելու ճանապարհին գտան Սուրբ Էջմիածինն ու խոնարհվեցին իրենց ճակատագրի առջև»՝ հավելելով, որ ճեմարանակաների համար առաքյալների հիշատակության այս օրը խորհրդանշական է, քանի որ դեպի փրկության քարոզչություն իրենց դեռևս չիրականացրած ու ապագային իրակացնելիք ծառայության այս ճամփորդության մեջ նրանք տեսնում են երբեմն թույլ ու ընկերային կյանքի զանազան շերտերը ներկայացնող անհատների, ովքեր Տիրոջ մեկ կանչով պարզ անհատներից փոխվում ու դառնում են մարդկության պատմության ընթացքը փոխող հերոսներ: Այստեղ դիպլոմն ու այլ հավաստագրերը դառնում են լոկ պայմանականություն: Այստեղ կարևորվում է հոգու կերտումը` զերծ սեփական անձը կորցնելու վախից, հանուն Եկեղեցու սուրբ տեսլականի իրագործման, հանուն Աստծո ներկայության հաստատման», - ասաց Գարեգին վարդապետը:
Վերջում Հայր Սուրբը, շնորհավորելով ամենքին սուրբ առաքյալների տոնի առիթով, մաղթեց լինել խաչի զինվոր և մշտապես փնտրել Աստծուն:
Ապա ցուցադրվեց «Սուրբ Գեղարդ. Զէն կենաց» փաստավավերագրական ֆիլմը (ռեժիսոր Հրանտ Մովսիսյան, սցենարիստ Լևոն Գալստյան):
Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների Հայաստանում քարոզչության մասին բանախոսությամբ հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Հովիկ Գրիգորյանը:
Ցերեկույթի ընթացքում տոնի խորհրդին նվիրված հոգևոր ու հայրենասիրական երգերով հանդես եկավ ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը:
Հանդիսությունն եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով: