Հանդիսություն` նվիրված Լիբանանի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբմանը»
Սեպտեմբերի 7-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Լիբանանի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբմանը»: Համախմբման 75 անդամներ հրավերով Ամենայն Հայոց Կաթողիկոսի Լիբանանից, ԱՄՆ-ից և Կանադայից օրեր առաջ ժամանել էին Մայր Աթոռ:
Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և այլ հրավիրյալներ:
Հանդիսությունը բացվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր տիար Հակոբ Ավետիքյանն անդրադարձ կատարեց համախմբման հիմնադրմանը, մասնակիցներին ներկայացրեց կրոնասեր տիկնանց միության գործունեությունը` փաստելով նրանց մշտական հավատարմությունը Հայոց Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Այնուհետև ներկաներին իր սրտի խոսքն ուղղեց համախմբումի ատենապետուհի տիկին Անահիտ Տանձիկյանը՝ ընդգծելով, որ այս մեկշաբաթյա կեցությունը Սուրբ Էջմիածնում և այցելությունները Հայաստանի տարբեր սրբավայրեր առավել զորացրեցին իրենց հավատքն առ Աստված և նվիրումը Հայոց Եկեղեցու հանդեպ: Ապա համախմբման ատենապետուհին անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռի գործունեությանը կրթական, սոցիալական, մշակութային, բարեգործական և ընկերային կյանքի ոլորտներում՝ ամենքի անունից Հայոց Հովվապետին փոխանցելով կենաց արևշատության և արդյունաշատ գահակալության բարեմաղթանքները։
Այնուհետև ցուցադրվեց «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից Լիբանանի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման» և նրա անդամների Հայաստան այցի մասին պատրաստված ֆիլմը:
Ապա միջոցառման ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումին» նվիրված հանդիսությունը կոչված է վերստին արժևորելու ազգային-եկեղեցական կյանքում համախմբումի անդամների որդիական սիրո և նվիրումի ոգին ու երախտարժան վաստակը:
«…Միության անդամուհիները ժամանել են հայրենիք և Մայր Աթոռ՝ նորոգելու մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ ծառայանվիրումի իրենց ուխտը, որով առաջնորդվել և զորացել են տասնամյակների եկեղեցանպաստ իրենց գործունեության մեջ:
«Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը» հիմնվեց 1959 թվականին, երբ սառը պատերազմը իր ցավալի ներգործությունը ունեցավ եկեղեցական մեր կյանքում՝ տագնապներ ստեղծելով Ամենայն Հայոց Հայրապետության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հարաբերություններում: Այդ դժվարին օրերին լիբանանահայ մի խումբ քաջասիրտ հայուհիներ անմնացորդ սիրով ամուր պահեցին և վկայեցին իրենց հավատարմությունն ու նախանձախնդրությունը հանդեպ Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածինը: Տասնամյակներ շարունակ ազնվահոգի հայուհիները իրենց առաքինի գործունեությամբ արժևորել են ազգային-եկեղեցական մեր անդաստանում կանանց բարձրապատիվ դերն ու սպասավորությունը՝ նմանություն բերելով Սուրբ Եղիշե պատմիչի կողմից ներբողված հայոց աշխարհի փափկասուն տիկնանց: Բարեսիրական իրենց բեղուն գործունեությամբ նրանք անփոխարինելի ծառայություն են մատուցել և կարևոր նպաստ բերել մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավետ պայծառությանը:
Սիրելի անդամուհիներ «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումի», ուրախություն է Մեզ համար, որ նվիրյալ հայուհիներդ՝ շարունակելով միության հիմնադիր երանյալ անդամուհիների, ձեր երախտարժան մայրերի բարի ավանդը, այսօր էլ մեր Սուրբ Եկեղեցու առաքելությունն առավել արդյունավորելու ազնվագույն տեսլականով հարստացնում եք ձեր վաստակը նորանոր իրագործումներով։ Ձեր ջանքերով ու միջոցներով ստեղծված եկեղեցական զգեստներն ու սպասքը և եկեղեցու հարդարանքի այլ գեղեցկակար պարագաները շուք ու վայելչություն են հաղորդում եկեղեցական արարողություններին ու ծիսակատարություններին և նպաստում հոգևոր-եկեղեցական կյանքի բարեզարդությանը: Ձեր եռանդն ու նվիրումը քաջալերում են նաև ձեր ամուսիններին՝ իրենց ջանքերով սատար ու զորակից լինելու ձեր բարի առաքելությանը: Գովարժան է նաև, որ միության շարքերում ներգրավում եք ձեր դուստրերին և երիտասարդ օրիորդաց, որպեսզի նրանք ևս ձեր հավատքի, բարեպաշտության ու աստվածահաճո բարեգործությունների վառ օրինակով իրենց ջանքերը բերեն հոգևոր-եկեղեցական մեր անդաստանի բարեզարդման համար: Հիրավի, Եկեղեցին զորեղ ու պայծառ է իր զավակների ամուր հավատքով ու նվիրյալ գործերով: Այսօր ևս, երբ ազգովի կանգնած ենք նոր մարտահրավերների առջև, մեր Եկեղեցին ու երկիրը առավել չափով կարիքն ունեն իրենց զավակների աջակցության: Քրիստոնյայի համար անկարելի է մնալ դիտորդ, երբ Եկեղեցին ու հայրենիքը իր զորակցության անհրաժեշտությունն ունեն, երբ փորձեր են արվում քարկոծելու և վնասելու Եկեղեցին, նսեմացնելու հոգևոր-բարոյական արժեքները, խարխլելու մեր ինքնության հիմնասյուները՝ Եկեղեցին ու ընտանիքը: Եկեղեցու առջև ծառացող բոլոր մարտահրավերները հաղթահարելի են Եկեղեցու հետևորդների` դավանված արժեքների հանդեպ հավատարմությամբ և հոգևոր կյանքում ակտիվ ներգրավվածությամբ: Ձեզանից, ամեն մի հայ կնոջից է նաև մեծապես կախված մեր Եկեղեցու, մեր ժողովրդի ու մեր երկրի ապագան, քանզի հավատավոր ու բարեպաշտ կանայք են հայ ընտանիքի սյունը, հոգևոր ու բարոյական արժեքների սնուցողը, զավակների նկարագրի կերտողը», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վերստին հայրապետական իր բարձր գնահատանքն ու օրհնությունը բերելով համախմբումի երախտարժան անդամներին` Նորին Վեհափառությունը հորդորեց նույն կորովով ու եռանդով շարունակել իրենց կարևոր առաքելությունը՝ ի շինություն մեր հայրենիքի և Սուրբ Եկեղեցու, ի պայծառություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ի փառս Բարձրյալն Աստծո:
Նորին Սրբությունը աղոթքով հիշեց «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումի» լուսահոգի հիմնադիրներին, ատենապետուհիներ Արշալույս Այվազյանին և Անգինե Տանձիկյանին, առանձնակի գոհունակությամբ իր գնահատանքը, սերն ու օրհնությունը բերեց Տիկնանց համախմբումի պատվավոր ատենապետուհի Միմի Հարությունյանին և գործող ատենապետուհի Անահիտ Տանձիկյանին, ովքեր մեծ ավանդ ունեն Համախմբումի եկեղեցանպաստ ծառայության մեջ:
«Մաղթում ենք ձեզ, սիրելի անդամուհիներ, երջանկություն և եկեղեցաշահ գործոց նոր հաջողություններ: Հպարտ ենք ձեր հավատով և առ Եկեղեցին ձեր անխախտ սիրով: Թող Ամենակարող Աստծո օրհնությունն ու աջակցությունը միշտ ուղեկից լինեն ձեզ և համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս», - վերջում հավելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հանդիսությունը հայրենասիրական, ժողովրդական և հոգևոր երգերով համեմեցին «Նոր անուններ» ծրագրի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողները` ղեկավարությամբ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանի:
Երեկույթն ամփոփվեց «Պահպանիչ» աղոթքով: