Հանդիսավորապես բացվեց Վանաձորի «Ծիծեռնակ» թեմապատկան մանկական ճամբարը

Հունիսի 23-ին Գուգարաց թեմում հանդիսավորապես բացվեց Վանաձորի «Ծիծեռնակ» թեմապատկան մանկական ճամբարը:

Եկեղեցաշինությանը զուգահեռ հոգեւոր ճամբարների ստեղծումը Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի թեմական ծրագրերի մաս է կազմում:

Վանաձորի ճամբարի կիսավեր շենքի վերանորոգման, տարածքի բարեկարգման ու կահավորման շուրջ երեքամյա աշխատանքներից հետո «Ծիծեռնակ»-ն այսօր առաջին մանկական ճամբարն է, որ սկսել է գործել Վանաձորում Հայաստանի անկախացումից հետո:

Եռահարկ շենքի յուրաքանչյուր հարկաբաժին իր առանձին բարերարն ունի: Առաջին հարկի վերանորոգումը իրականացվել է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդի եւ թեմակալ առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանի հովանավորությամբ: Երկրորդ հարկը վերանորոգվել է շնորհիվ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր սեղան գրասենյակի եւ երրորդ հարկը` կանադահայ բարերարներ Աշոտ եւ Էլիզ Խտրյանների ֆինանսավորման շնորհիվ: Շենքն ամբողջությամբ կահավորել է Կալիֆոռնիայի «Հայրենիք միություն»-ը: Շնորհիվ բոլոր բարերարների ճամբարում ստեղծված են հանգստի ու կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Հունիսի 15-ից այստեղ ամառային իրենց հանգիստն են արդեն անցկացնում Սպիտակի 90 դպրոցականներ ու Վանաձորի զոհված ազատամարտիկների 15 երեխաներ:

Սեզոնի ընթացքում ճամբարում կհանգստանա շուրջ 600 երեխա: Նրանց հանգստի կազմակերպման համար նախատեսվող ընթացիկ ծախսերն հանձն են առել հոգալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Գուգարաց թեմը, Լոռու մարզպետարանը, Վանաձորի քաղաքապետարանը, ԱՄՆ Արեւելյան եւ Կանադայի հայոց թեմերը, «Ջինիշյան հիշատակի» ֆոնդը, ԵՀԽ Կլոր սեղանը:

«Այսօր ամենաթանկը մանուկների ժպիտն է», - ճամբարի բացման հանդիսավոր արարողության ընթացքում երախտագիտություն հայտնելով բոլոր բարերարներին, ասաց Սեպուհ Սրբազանը: Խանդավառ մանուկներին ու բոլոր ներկաներին շնորհավորանքի խոսք ուղղեց նաեւ Տ. Փառեն եպս. Ավետիքյանը` փոխանցելով նրանց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքը: Հատվեց կարմիր ժապավենը, որից հետո ներկաներին գեղարվեստական ուրախ հայտագրով ողջունեցին ճամբարի երեխաները: