Հանդիսավոր Սբ. Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Հանդիսավոր Սբ. Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 22.10.2002

Հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում հանդիսավոր Ս. Պատարագ մատուցվեց: Պատարագիչն էր Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արք. Ասատուրյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ հյուրաբար Մայր Աթոռում գտնվող Անտիոքի եւ համայն Արեւելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու պաշտոնական պատվիրակությունը` գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Մար Իգնատիոս Զաքքա Իվաս Ա Պատրիարքի:

Հընթացս Ս. Պատարագի երկու քույր եկեղեցիների գահակալներն իրենց օրհնությունն ու հայրական պատգամները փոխանցեցին հավատացյալներին: «Քրիստոնեական եկեղեցիների եղբայրական միությունը պիտի օգնի մեզ հավատի մեր վկայությունը բերելու մարդկանց, հաստատելու հույսի եւ սիրո մեջ, որպեսզի աստվածճանաչողությունը լուսավորի կյանքի իմաստը եւ պայմանավորի եւ առաջնորդի նրա ընթացքը: Փառք Տիրոջը, որ Քրիստոսաէջ այս սուրբ տաճարում միասին աղոթում ենք վասն աշխարհի խաղաղության եւ մեր ժողովուրդների բարօրության ու հավատավոր անսայթաք կյանքի»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում: Ի պատասխան Զաքքա Ա Պատրիարքը նախ գոհություն հայտնեց Աստծուն, որ կրկին առիթ ընձեռվեց իրեն լինելու այս օրհնաբեր երկրում` ստանալով համայն հայության հոգեւոր կենտրոն Ս. Էջմիածնի օրհնությունը, ուր Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Աստվածորդին իջավ` հաստատելով Մայր Տաճարի կառուցման վայրը: «Տեսանք հայ ժողովրդի սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Մեր երկու եղբայր ժողովուրդներ դարեր շարունակ Տիրոջ զոհասեղանին են բերել իրենց սուրբ արյունը` հանուն ուղղափառ հավատքի պահպանման»:

Երեկոյան Անտիոքի եւ համայն Արեւելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու գահակալ Մար Իգնատիոս Զաքքա Իվաս Ա Պատրիարքը եւ պատվիրակության անդամները երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի շիրիմի մոտ աղոթեցին Հայրապետի հոգու հանգստության համար: Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի հրավերով էր, որ Մար Իգնատիոս Զաքքա Իվաս Ա Պատրիարքը 1982թ. առաջին անգամ այցելել էր Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Այնուհետեւ Վեհարանում տեղի ունեցավ Հայաստանի թեմակալ առաջնորդների եւ վանաբնակ Սրբազան հայրերի հանդիպումը Անտիոքի եւ համայն Արեւելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու պատվիրակության հետ: