Հանդիպում Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոսի հետ և դասախոսություն Յոհենսուի համալսարանում
Մարտի 21-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս, Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պետ Լեոյի հետ:
Կուոպիո քաղաքում ուղղափառ եկեղեցու կենտրոն և թանգարան այցելությունից հետո երկու եկեղեցապետերը համատեղ աղոթքի մասնակցեցին Նոր Վալաամ վանական համալիրում: Լեո արքեպիսկոպոսը, շեշտելով Հայոց Եկեղեցու առաքելական հնագույն ծագումն ու բերած ավանդն ընդհանրական քրիստոնեական ընտանիքից ներս, կարևորեց նաև Հայաստանյայց Առաքելական և Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցիների միջև ձևավորված ջերմ եղբայրական հարաբերությունների հեռանկարների ու զարգացումների միասնական, համատեղ ջանքերով կերտումը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հերթին գոհաբանությամբ առ Աստված ուրախություն հայտնեց կրկին` 13 տարի անց, Ֆինլանդիայի օրհնյալ հողում Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոյի և նրա հավատացյալ հոտի հետ միասնաբար աղոթք բարձրացնելու հնարավորության առիթով:
Վեհափառ Հայրապետն իր խոսքում մասնավորապես ասաց. «Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, այս օրերին Քրիստոսի Եկեղեցին, Մեծ Պահքի ընթացքի մեջ, նախապատրաստվում է մեր Տիրոջ հրաշափառ ու հաղթական Հարությանը: Եվ ահա դեպի Ս. Զատիկ այս ճամփորդության ընթացքին մենք ևս մեկ անգամ առիթ ունենք Ֆինլանդիայի աստվածօրհնյալ հողի վրա աղոթքով միասնաբար խորհելու քրիստոնեական միության ու սիրո վկայության մասին…: Փորձություններով ու նահատակություններով լեցուն իր պատմության ողջ ընթացքում Հայ Եկեղեցին մշտապես իրագործել է քրիստոնեական միության և եղբայրսիրության պատգամը` շեշտելով «միութիւն ի կարեւորս եւ սէր յերկբայականս» քրիստոնեական սկզբունքը:
Մենք ամենքս, իբրև քրիստոնյաներ, կոչված ենք մեկ հույսի, որ է Քրիստոսի բերած փրկությունը, և միայն այս միասնական հույսի, հավատի և սիրո մեջ կարող ենք զգալ մեկս մյուսի ցավն ու խնդիրները, միայն այս կերպ կարող ենք հարատևել Հիսուս Քրիստոսի պարգևած հաղթական Հարության մեջ: Մեր օրերում Մերձավոր Արևելքում փոթորկվող կրոնական անհանդուրժողականությունն ու հակամարտությունները մեզ ամենքիս կանգնեցրել են հումանիտար աղետի և հասարակական բազմաթիվ խնդիրների առաջ: Այսօրվա իրողությունները պահանջում են աշխարհի բոլոր կրոնների ու հավատացելոց ջանքերի և աղոթքների համատեղում, միասնական մոտեցում՝ առկա զինված բախումները, կրոնական քողով սքողված ահաբեկչություններն ու հակամարտությունները և դրանցից ծնվող սոցիալ-տնտեսական ու հասարակական աղետները կանխարգելելու համար»:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին պատմության ընթացքում մշտապես իր առաքելության կարևորագույն մասն է համարել ժողովուրդների միջև խաղաղ համակեցության, փոխհանդուրժողականության ու փոխըմբռնման հաստատմանն ուղղված գործընթացներին իր մասնակցությունը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության առաջին օրվանից Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդի միջև սկզբնավորված երկխոսությանը և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
«Ցավոք, Ադրբեջանը չի թաքցնում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը, ինչը փաստում են 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձնազերծված ռազմական գործողությունները:
…Իբրև պատերազմի և արհավիրքի ցավը կրող ժողովուրդ՝ Մեր ցանկությունն է, որ շուտափույթ խաղաղություն հաստատվի ողջ աշխարհում, և չլինեն սգացող այրիներ, որբացած զավակներ և որդեկորույս մայրեր, որպեսզի ամենքն ապրեն ապահով, խաղաղ և երջանիկ կյանքով:
Այս մտածումներով Մեր ջերմեռանդ աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված` խնդրելով, որ Տերն օժտի մեզ Իր սիրո շնորհով և զորացնի ճշմարտության Իր Հոգով: Թող Ամենաբարին Աստված օրհնի Ֆինլանդիայի Հանրապետությունը և այս հյուրընկալ երկրի բարեսիրտ ժողովրդին` շնորհելով հարատև առաջընթաց և բարօրություն», - ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Համատեղ աղոթքից հետո Վեհափառ Հայրապետն ու նրան ուղեկցող պատվիրակությունը, Ֆինն Ուղղափառ եկեղեցու նվիրապետի և նրա պատվիրակության հետ միասին, հյուրընկալվեցին Նոր Վալաամ վանքի վանահայր Սերգիոս վարդապետի կողմից:
Հաջորդ օրը՝ մարտի 22-ին, Վեհափառ Հայրապետն ու նրան ուղեկցող շքախումբը ծանոթացան վանքի առօրյային, մշակութային-վանական զանազան ձեռնարկներին ու կառույցներին:
Նույն օրը Վեհափառ Հայրապետը հյուրընկալվեց Յոհենսու քաղաքում գտնվող Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի Ուղղափառ աստվածաբանության դպրոցում, որտեղ Նորին Սրբությունը ներկայացրեց համառոտ դասախոսություն՝ «Կա՞ արդյոք իսլամական աշխարհի վերաբերյալ հայկական մասնավոր ընկալում» թեմայով:
Դասախոսության մեջ Նորին Սրբությունը կենտրոնացավ հիմնականում իսլամական աշխարհի հետ հայ ժողովրդի և Հայ Առաքելական եկեղեցու խաղաղ համակեցության և երկխոսության օրինակներին ու պատմական փորձառությանը, այնուհետև պատասխանեց ներկաների հարցերին:
Դասախոսությանը ներկա էին նաև Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոն, նույն աստվածաբանական դպրոցի դասախոսներ և ուսանողներ:
Հավարտ դասախոսության Նորին Սրբությունը, արքեպիսկոպոս Լեոյի և Ֆինն Ուղղափառ եկեղեցու շքախմբի ուղեկցությամբ, ճանապարհվեց Յոհենսու քաղաքի օդակայան, որտեղից Հելսինկիի ու Մոսկվայի ճանապարհով Հայրապետական պատվիրակությունը կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: