Հայրապետական ուխտագնացություն Երուսաղեմ
Մայիսի 12-14-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուրջ ութսուն ուխտավորների հետ Հայրապետական ուխտագնացություն կատարեց Տերունի Սրբավայրեր:
Հայրապետական ուխտագնացության առաջին հանգրվանը Երուսաղեմն էր: Մայիսի 12-ին ուխտավորների խումբը երուսաղեմահայերի հետ միասին թափորով շարժվեց դեպի Սրբոց Հակոբյանց միաբանություն եւ «Հրաշափառ»-ով Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ մուտք գործեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Հակոբյանց Մայր Տաճար: Հավարտ եկեղեցական արարողության Պատրիարքարանում կազմակերպվեց ընդունելություն, ուր ողջույնի խոսք ասաց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արք. Մանուկյանը, ապա իր գնահատանքը հայտնեց Վեհափառ Հայրապետը:
Ուխտավորները այնուհետեւ ծանոթացան Սրբոց Հակոբյանց տաճարին եւ վանական համալիրին մաս կազմող եկեղեցիներին եւ մատուռներին` այցելելով Սրբոց Հակոբյանց վանքի ինը մատուռները, Պատրիարքարանի թանգարան ու ձեռագրատուն: Սրբոց Հակոբյանց վանքից խումբը գնաց հայոց Սրբոց Հրեշտակապետաց եւ Ս. Փրկիչ վանքերը, ապա այցելեց Սիոն լեռան սրբավայրերը Վերնատան եւ Տիրամոր ննջման տեղերում կառուցված եկեղեցիներում:
Հաջորդ օրը սկսվեց Համբարձման լեռան սրբավայրեր այցելությամբ: Ուխտավորները նախ եղան 19-րդ դարում կառուցված «Հայր մեր»-ի եկեղեցում: Համաձայն ավանդության, այստեղ է Հիսուս ուսուցանել «Հայր մեր»-ը: Եկեղեցու շրջաբակում աշխարհի բազմաթիվ լեզուներով գրված է Տերունական աղոթքը, որոնց շարքում հայերենը երրորդն է լատիներենից եւ արաբերենից հետո: Այստեղ ուխտավորները Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ երգեցին Տերունական աղոթքը:
Ուխտավորներն այնուհետեւ եղան Ս. Համբարձման սրբավայրերում, որտեղից Հիսուս օրհնեց աշակերտներին եւ երկինք համբարձվեց: Համբարձման լեռից ուխտավորներն իջան Գեթսեմանիի ձորը, ուր գտնվում է հայոց Ս. Աստվածածին եկեղեցին, որտեղից երկինք է վերափոխվել Ամենասրբուհի Կույսը իր ննջումից հետո: Այստեղ են ամփոփված նաեւ Տիրամոր ծնողները, որոնց շիրիմներին եւս իրենց խոնարհումը բերեցին հայ ուխտավորները:
Վերափոխման եկեղեցուն կից գտնվում է Գեթսեմանիի պարտեզը, ուր չարչարանաց ճանապարհը անցնելուց առաջ աղոթեց Հիսուս: Դարավոր ձիթենիների հարեւանությամբ Հայոց Պատրիարքարանը կառուցել է Ս. Աստվածածին եկեղեցու ընդունելության սրահը, որի բացումը կատարվեց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ: Ուխտավորները եղան նաեւ Բոլոր ազգերի եկեղեցում, որը խորհրդանշում է բոլոր եկեղեցիների միությունը Հիսուս Քրիստոսով:
Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած խումբը օրվա երկրորդ կեսին եղավ հրեական ողջակիզման Յադ Վաշեմ թանգարանում, ուր ուխտավորներին դիմավորեց եւ թանգարանում բացատրելով ուղեկցեց թանգարանի տնօրեն Ավներ Շալեւը: Ողջակիզման զոհերի հուշարձան-տապանաքարին ուխտավորների խմբի կողմից զետեղվեցին երկու ծաղկեպսակներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության կողմից:
Նույն օրն ի պատիվ Վեհափառ Հայրապետի ընդունելություն էին կազմակերպել Իսրայելի ասքանազյանների խախամապետ Ռաբբի Եոնա Մեցկերը եւ Ռաբբի Դեյվիդ Րոզենը: Ընդունելությանը ներկա էին Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը եւ Իսրայելի խորհրդարանի (կնեսեթի) պատգամավորները:
Ուխտագնացության հաջորդ հանգրվանը Բեթղեհեմի Ս. Ծննդյան տաճարն էր: Բեթղեհեմ քաղաքի մուտքին Նորին Սրբության գլխավորած խումբը ընդունվեց զինվորական պատիվներով եւ առաջնորդվեց մինչեւ Ս. Ծննդյան տաճարը, որի մուտքին Հայոց Հայրապետին եւ ուխտավորներին ողջունեց տեղի հոգեւոր տեսուչ Տ. Ռազմիկ վրդ. Պողոսյանը:
Պատվո այս ընդունելությանը մասնակցում էին Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի ներկայացուցիչ Դոկտ. Էմիլ Ճաճուին, Բեթղեհեմի պետական գրասենյակի պետ Շատի Աբու Րամզիին եւ Պաղեստինյան ինքնավարության բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:
Ս. Ծննդյան տաճարում ուխտավորները խոնարհվեցին Տիրոջ ծննդյան այրի եւ այն մսուրի առջեւ, ուր դրվել էր Հիսուս ծննդից հետո: Դիտելով 4-րդ դարից սկսյալ բազմաշերտ հորինվածք ունեցող այս տաճարը, ուխտավորներն այնուհետեւ հյուրընկալվեցին տաճարի հայկական մասի հյուրասրահում:
Այստեղից ուխտավորները ուղեւորվեցին Մեռյալ ծով, ապա վերադարձին դիտեցին Փորձության լեռը, ուր Հիսուս փորձվեց սատանայից, եղան Երիքովում:
Երեկոյան ընդունելություն էր կազմակերպվել Ժառանգավորաց վարժարանում, ուր Նորին Սրբությանը եւ ուխտավորների խմբին ողջունեց Ժառանգավորաց վարժարանի տեսուչ Տ. Պարետ վարդապետը, ապա գեղարվեստական հայտագրով հանդես եկան Ժառանգավորաց վարժարանի սաները: Հանդիսության ընթացքում Երուսաղեմի հայ համայնքի յոթ անդամների հանդիսավոր պայմաններում հանձնվեցին Հայաստանի Հանրապետության անձնագրեր:
Այնուհետեւ խոսք ասացին ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ Գիտությունների ազգային Ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, բանաստեղծ Արամայիս Սահակյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Երեւանի Պետական Համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը: Հանդիսությունն ավարտվեց Ամենապատիվ Պատրիարք Հոր եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:
Ուխտագնացության վերջին` երրորդ օրը սկսվեց Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարում մատուցված Հայրապետական ուխտի պատարագով, հընթացս որի Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության զինվորյալ միաբանության հոգեւոր սպասավորությունը Սուրբ Երկրի Տերունական սրբավայրերին եւ այս սրբավայրերի հայկական բաժնի պահպանությունը:
Այնուհետեւ ուխտավորները շրջեցին քաղաքում` ծանոթանալով պատմական Երուսաղեմին, ապա Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարից Վեհափառ Հայրապետի նախագահությամբ թափորով ուղեւորվեցին Ս. Հարության տաճարը: Տաճարում ուխտավորները նախ խոնարհվեցին Պատանատեղիի առջեւ, որի վրա Հովսեփ Արիմաթացին օծեց Հիսուսի խաչափայտից իջեցված մարմինը: Ի հիշատակ այս օծման պատանատեղին շարունակ ցողվում է վարդաջրով, որով իրենց հանդերձները եւ Ս. Երկրից տարվող հիշատակներն են ցողում ուխտավորները: Նույնը կատարեցին եւ հայ ուխտավորները: Այստեղից ուխտավորները ուղղվեցին դեպի Տիրոջ լույս գերեզմանը, որի վրա Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարված արարողությունից հետո խումբ առ խումբ խոնարհվեցին եւ համբուրեցին թափուր գերեզմանը: Ուխտավորներն եղան Ս. Հարության տաճարի ներքո գտնվող Չարչարանաց վայրում, Ս. Պարտեզի, Ղուկյանոս հայրապետի, Հանդերձների բաժանման, Խաչի գյուտի, Լուսավորչի, Փշե պսակի, Հովսեփ Արիմաթացու եւ Ուշաթափման մատուռ-խորաններում եւ Ս. Գողգոթայում, հպարտություն ապրելով եւ քրիստոնեական այս սրբավայրերում հայկական նշանակալից ներկայությամբ:
Եռօրյա ուխտագնացությունն ավարտվեց Ժառանգավորաց վարժարանում երեկոյան կազմակերպված ողջերթի ընթրիքով, որի ընթացքում խոսք ասացին գրող Կարպիս Սուրենյանցը, Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը եւ Հայաստանի Բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը:
Ուխտավորներին ողջերթի խոսքով դիմեց նաեւ Թորգոմ Պատրիարքը:
Ուխտավորները Հայաստան վերադարձան մայիսի 15-ին: