Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այս առիթով խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց մասունքարանը:
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Սրբազան արարողության ընթացքում Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձ կատարեց օրվա խորհրդին և նշանակությանը հայ ժողովրդի կյանքում: Գարեգին վարդապետը մասնավորապես նշեց. «Այսօր մեր ողջ Եկեղեցին՝ Հայաստանում, թե Սփյուռքում, ամբողջ հայոց ազգը հիշատակում է Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերին, որոնք ընկան հանուն իրենց հավատքի և հայրենիքի։ Դեռևս հինգերորդ դարից մեր Եկեղեցու սուրբ հայրերը մինչև այսօրվա Ամենայն Հայոց Հայրապետ իրենց պատգամներում, իրենց խոսքերում յուրաքանչյուրիս կոչ են անում միասնականության, մեկ լինելու, ազգովի համախմբվելու։ Ինչու՞։
Ընդհանրապես, ցեղասպանության մասնագետներն ասում են, որ ցեղասպանությունները սկսվում են ռասայական կամ այլ գետնի վրա բաժանումներից։ Պատմությունն այդպես է ապացուցել։ Այլ կերպ ասելով՝ ցեղասպանությունը սկսվում է բաժանումից։ Հետևաբար, սիրելինե՛ր, մենք պետք է փորձենք գտնել այն ընդհանուր կետը, թե ինչի՛ շուրջ կամ, ավելի ճիշտ, ո՛ւմ շուրջ պետք է կարողանանք միասնական լինել։ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» պատգամը և ավետիսն ամենքիդ փոխանցելով՝ մտածում ենք, որ միանշանակ դա Քրիստոսի անձն է. անձ, որի շուրջ մեր ազգը և բոլոր քրիստոնյաները կարող են համախմբված լինել, որպեսզի երբևէ չլինի ցեղասպանություն մարդկության պատմության մեջ։
․․․Իսկապես, ցանկացած դժբախտության և դժվարության մեջ մեր ազգը կարողացել է Քրիստոսին ապավինելով հաղթահարել դրանք։ Այսօրվա մեր կյանքը դրա վառ վկայությունն է։ Օրվա խորհրդի շարականը, որ նվիրված է սուրբ նահատակներին, ասում է․ «Չփոխեցին իրենց հավատքի ադամանդյա վստահությունը անցավոր այս կյանքի փափուկ վայելքների հետ և ցորենի հատիկի պես հողի մեջ ընկնելով՝ մեկի դիմաց հարյուրապատիկ պտուղ տվեցին»։
Այո՛, իրապես, նրանք ընտրեցին Քրիստոսին աշխարհային բոլոր վայելքների դիմաց, թեպետև ընկան, բայց ուժ տվեցին մեզ այսօր ավելի ամուր լինելու մեր հավատքի և հայրենիքի հանդեպ նվիրումի մեջ»:
Վերջում Հայր Գարեգինը հորդորեց ամենքին հայցել սրբադասված նահատակների բարեխոսությունն առ Աստված, որպեսզի Ամենազոր Տերը դժվարին այս կացության մեջ հայտնված հայոց ազգին պարգևի հոգու և մարմնի առողջություն, իր շնորհները հեղի ժողովրդի վրա, ամուր ու անսասան պահի հայրենի սահմանները։
Կեսօրին Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, ուր բերվել էր նաև սուրբ նահատակների մասունքարանը, նախագահությամբ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: