Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հանձնաժողովի անդրանիկ նիստը
Սեպտեմբերի 3-ից 6-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցն ուսումնասիրող հանձնաժողովը գումարեց իր անդրանիկ նիստը:
Հանձնաժողովի անդամներն են`
1. Գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգսյան (համաատենապետ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն),
2. Գերաշնորհ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյան (համաատենապետ, Ամենայն Հայոց Կաթողիկոսություն),
3. Գերաշնորհ Տ. Գեղամ եպս. Խաչերյան (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն),
4. Հոգեշնորհ Տ. Բաբկեն ծ. վրդ. Չարյան (ատենադպիր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն),
5. Հոգեշնորհ Տ. Զատիկ վրդ. Ավետիքյան (ատենադպիր, Ամենայն Հայոց Կաթողիկոսություն),
6. Հոգեշնորհ Տ. Դանիել վրդ. Ֆնդկյան (Ամենայն Հայոց Կաթողիկոսություն):
Նիստից առաջ հանձնաժողովի անդամներին ընդունեց եւ իր օրհնությունները բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Վեհափառ Հայրապետը՝ կարեւորելով նախաձեռնված աշխատանքները եւ հաջողություն մաղթելով հանձնաժողովին:
Գերաշնորհ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց Վեհափառ Հայրապետին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունը։ Գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը Վեհափառ Հայրապետին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի եղբայրական ողջյունները եւ հանձնաժողովի աշխատանքների համար հղած հաջողության բարեմաղթանքները:
Հանձնաժողովն իր առաջին հանդիպման ընթացքում մտքերի փոխանակությունից եւ հիմնավոր քննարկումներից հետո հաստատեց առաջադրանքը, ուսումնասիրության շրջանակները, աշխատանքային ժամանակացույցը եւ ընդգծեց հիմնական հարցադրումները։
Առաջին աշխատանքային ժողովը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 8-ից 12-ը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում։