Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց գոհաբանական մաղթանք Հայաստանի Հանրապետության համար:
Եկեղեցականների մեծաշուք թափորով Նորին Սրբությունը Վեհարանից առաջնորդվեց Մայր Տաճար, ուր Ավագ Ս. Սեղանի առջեւ հոգեւորականաց դասը միահամուռ աղոթք վերառաքեց առ Աստված Հայաստան աշխարհի անպարտելիության եւ խաղաղության համար: «Ամենազոր Աստված» հոգեզմայլ շարականի երգեցողությունից հետո ընթերցվեցին Ս. Գրային հատվածներ, ապա Ամենայն Հայոց Հայրապետը ծնրադիր աղոթք բարձրացրեց առ Աստված. «Գոհություն ենք հայտնում Քեզ, Տե°ր, որ այցելեցիր հայոց ազգին, ցույց տվեցիր մեզ Քո մեծ ողորմությունը եւ հաստատեցիր Հայոց Հանրապետությունը Հայաստան աշխարհում: ...Արդ մենք ամենքս խոնարհվում ենք Քո առջեւ, Տեր Աստվա°ծ մեր, եւ հայցում Քո ամենառատ ողորմությունից, որպեսզի պահես ու պահպանես Հանրապետությունը Հայաստան աշխարհի խաղաղության, բարօրության եւ անսասանության մեջ: Օրհնի°ր, Տե°ր, Հայաստանի հավատարիմ ու նվիրյալ բոլոր պաշտոնյաներին... Օրհնի°ր բոլորին, որ Հանրապետության իշխանության ներքո են` եկեղեցականներին ու աշխարհականներին, մեծերին եւ փոքրերին, տղամարդկանց ու կանանց եւ ողջ քո հավատացյալ ժողովրդին` պահելով նրանց Քո Ս. Աջի հովանու ներքո»:
Յավարտ Հայրապետական աղոթքի կատարվեց անդաստան: Մաղթանքն ավարտվեց Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ»-ով: