Հայ Եկեղեցու պատվիրակությունը մասնակցեց Հովհաննես Պողոս Բ Պապի հուղարկավորությանը
Ապրիլի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի կառավարական պատվիրակության հետ ժամանեց Հռոմ` մասնակցելու Ս. Պետրոսի աթոռի 265-րդ գահակալ Հռոմի Հովհաննես Պողոս Բ Պապի թաղման արարողությանը: Վեհափառ Հայրապետին օդանավակայանում դիմավորեց Վատիկանի բարձրաստիճան հոգեւորականներից բաղկացած հատուկ հանձնախումբը եւ Իտալիայի հոգեւոր հովիվ Առեն աբեղա Շահինյանը:
Օդանավակայանից Նորին Սրբությանը ուղեկցեցին Վատիկանի Ս. Պետրոսի տաճար, ուր Նորին Սրբությունը աղոթք բարձրացրեց առ Աստված հանգուցյալ Պապի աճյունի առջեւ:
Հաջորդ օրը, առավոտյան ժ. 10.00-ին, Ս. Պետրոսի տաճարում տեղի ունեցավ Սբ. Պատարագի հատուկ արարողություն: Ըստ Կաթոլիկ եկեղեցու ավանդության, շուրջ երեքժամյա արարողության ընթացքում համապատարագում էին 164 կարդինալներ: Հռոմի Քահանայապետի թաղման արարողությունը նախագահում էր կարդինալների քոլեջի դեկան կարդինալ Յոզեֆ Ռացինգերը:
Արարողությանը ներկա էին քույր եկեղեցիների առաջնորդներն ու ներկայացուցիչները, Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ը, Հունաստանի եւ Աթենքի արքեպիսկոպոս Քրիստոդուլոսը, Ռուս Ուղղափառ Եկեղեցուց միտրոպոլիտ Կիրիլը եւ այլ բարձրաստիճան հոգեւորականներ: Ներկա էին նաեւ շուրջ 200 երկրների նախագահներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ պատվիրակություններ:
Օրվա երկրորդ կեսին Վատիկան ժամանած` եկեղեցիների եւ քրիստոնեական միջազգային կազմակերպությունների պատվիրակություններին ողջունեց կարդինալ Յոզեֆ Ռացինգերը:
Հանուն Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետի հուղարկավորությանը մասնակցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Կ.Պոլսի Հայոց պատրիարք Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանը, ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Նարեկ եպս. Ալեմեզյանը, Իտալիայի հոգեւոր հովիվ Տ. Առեն աբղ. Շահինյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր Տ. Գեղարդ աբղ. Վահունին:
Ամենայն Հայոց Հայրապետը Մայր Աթոռ վերադարձավ ապրիլի 9-ին: