Հայ Եկեղեցու Հայաստանյան թեմերի Առաջնորդների ժողով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ ապրիլի 20-ին տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Հայաստանյան թեմերի Առաջնորդների ժողով, որը քննության առավ քրիստոնեական դաստիարակության առաքելության իրականացման եւ թեմական ու համայնքային կյանքի կազմակերպական խնդիրներ: Ժողովականները անդրադարձան նաեւ Հայաստանում ներքաղաքական իրավիճակին եւ ուղերձ հղեցին ժողովրդին:
Հայաստանի Թեմակալ Առաջնորդներս մտահոգություն ենք հայտնում ստեղծված ներքաղաքական լարվածության շարունակության առնչությամբ եւ անընդունելի համարում հատկապես տարածաշրջանում վճռորոշ զարգացումների ներկա իրավիճակում քաղաքական ցնցումների ուղին, որը առճակատումների առաջնորդելով խորացնում է անհանդուրժողության ոգին ու պառակտումը ժողովրդի մեջ եւ վտանգում կայունությունը Հայրենիքում ու անվտանգությունը մեր պետականության:
Ապրիլ 24-յան խորհրդի առջեւ կոչում ենք համայն մեր ժողովրդին, պետական կառույցներին, քաղաքական ուժերին ու հասարակական կազմակերպություններին` հավատարիմ մնալ Մեծ Եղեռնի մեր զոհերի նվիրական հիշատակի լուսեղեն խորհրդին, որը ամբողջացումն է ազգային անկախ պետականության եւ ազատ ու ապահով կյանքի մեր ժողովրդի դարավոր ձգտումի, որով միշտ զորացել է ազգային միաբանության մեր ոգին:
Մեկն է շահը Հայրենիքի ու ժողովրդի, հետեւաբար կարողանանք հաշտության ոգով ունկնդիր լինել միմյանց, որպեսզի գտնենք հայրենաշինության անհրաժեշտ ճանապարհները: Մեր բոլոր հարցերին ու խնդիրներին պատասխաններ պիտի փնտրենք օրինականության պահպանման նախանձախնդրությամբ` հանդուրժողության, փոխադարձ հարգանքի ու ըմբռնողության ելակետերից` գերագույն նպատակ ունենալով մեր Հայրենիքի ներքին անդորրն ու կայունությունը եւ ժողովրդի միաբանությունը:
Մենք հավատում ենք, որ զատկական այս հոգենորոգ շրջանում, երբ Հարուցյալ Փրկիչը Իր խաղաղությունն ու սերն է տարածում մեզ վրա, կկարողանանք հաղթահարել ներքաղաքական այս անհանգիստ վիճակը եւս` հուրախություն մեզ եւ մեր բարեպաշտ ժողովրդի ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի: