Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայիսի 26-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:
Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց տերունական տոնի առիթով մատուցվող Պատարագի սրբազան արարողությանը, որին ներկա էին նաև հայաստանյան թեմի առաջնորդները և բազում ուխտավոր հայորդիներ։
Պատարագիչն էր Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնոր Տ․ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։
Իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորապես նշեց․ «Մարմնացյալ Աստված Իր երկրային գործունեության ընթացքում քայլեց այն բոլոր ճանապարհներով, որոնք մարդկությունն իր մեղսագործությամբ պղծել և անիծել էր: Մեր Տերն օրհնեց ու սրբագործեց այդ ճանապարհները, ապա խաչվելուց, մահանալուց և հարություն առնելուց քառասուն օր հետո համբարձվեց՝ նախանշելով փրկության ուղին»։
Պատարագիչ Սրբազանը հիշեցրեց հավատավոր ժողովրդին, որ այսօր նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակության օրն է: Եզնիկ արքեպիսկոպոսը, անդրադարձ կատարելով Սուրբ Էջմիածնի հիմնադրմանը, ընդգծեց Մայր Աթոռի անուրանալի դերակատարությունը հայ ժողովրդի ինքնության և ազգային արժեքների պահպանության գործում: Հայրապետական Աթոռի փոխադրման պատմական հիշատակության առիթով Սրբազանը կոչ արեց հավատացյալաներին աղոթք բարձրացնել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի անսասան հովվապետության ու կենաց արևշատության համար:
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեց առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու հավերժ շենացման համար: