Համատեղ աղոթք Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Մայիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ եւ Սբ. Մարկոսի Աթոռի Պատրիարք Շենուդա Գ-ի հետ այցելեցին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի:
Քույր եկեղեցիների հովվապետերը հանդիսավոր թափորով «Հրաշափառի» երգեցողության ներքո մուտք գործեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` իրենց խոնարհումը բերելու պատվական Լուսավորիչ Հայրապետի մասունքներին եւ աղոթք բարձրացնելու համայն աշխարհի խաղաղության համար:
Համատեղ աղոթքից հետո Հայրապետներն իրենց պատգամն ու օրհնությունը բաշխեցին խուռներամ հավատավոր ժողովրդին:
«Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հետ մենք նույն դավանանքն ու նույն հավատքն ունենք եւ երկար դարեր ապրել ենք ապավինած Աստծուն` կրելով բազում տառապանքներ մեր սուրբ հավատքի համար: Առ Աստված մեր հավատքը, մեր սերն ու նվիրումը եւ ապավինությունը կյանք եւ հարատեւություն պարգեւեցին մեր ժողովուրդներին. դժվարությունների առաջ չտկարացանք, չծնկեցինք, այլ Տիրոջ հավատքով զորացած մենք կերտեցինք մեր վաղվա օրը` այսօրը, եւ Նորին Սրբության այս այցը պիտի գա զորացնելու մեր եկեղեցին», - ասաց Հայոց Հայրապետը:
Նորին Սրբություն Շենուդա Գ Պատրիարքը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հավաստիացրեց, որ այսուհետ պիտի առավել եւս զորանա համագործակցության ոգին ու եղբայրական սերն երկու եկեղեցիների միջեւ` մաղթելով հայ ժողովրդին եւ ուխտապահ եկեղեցական դասին Սուրբ Հոգու զորակցությունը: