Համաձայնագիր է ստորագրվել Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ Կառավարության միջև
Օգոստոսի 22-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից ստորագրվեց համաձայնագիր Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ Կառավարության միջև, որի համաձայն 2003թ. հունվարից Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դասավանդվելու է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան:
Բարձր գնահատելով համաձայնագրի կնքումը և արժևորելով նոր առարկայի մուտքը հանրակրթական դպրոց՝ ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց. «Անուրանալի է Հայ Եկեղեցու դերը մեր մշակույթի, ոգու, մեր ազգի պահպանման գործում: ... Փաստորեն մանուկ հոգիների որսագողության ճանապարհն ենք մենք փակում և մեր երեխաներին դաստիարակում ենք ազգային ոգով, որը նպաստելու է մեր պետության հետագա զորացմանը, զարգացմանը»:
Ամենայն Հայոց Հայրապետը ևս, կարևորելով պատմական նշանակություն ունեցող այս իրադարձությունը, մասնավորապես ասաց. «Մենք հավատում ենք, որ արդյունքում պիտի ունենանք ոչ միայն մեր պատմությանը քաջածանոթ, գիտակ նոր հայորդյաց սերունդ, այլև պիտի ունենանք հայրենասեր, նվիրյալ, բարի քրիստոնյաներ, ազնիվ քաղաքացիներ մեր երկրի, որոնց հայացքի առջև ավելի հստակությամբ պիտի գծվի մեր ժողովրդի վաղվա օրը, նրա առաքելությունը դեպի նոր դարեր, նոր հազարամյակներ»:
Հանդիպմանը ներկա էին բարձրաստիճան հոգևորականներ, ՀՀ Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և կառավարության անդամներ: