Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի մասնակից իրաքյան պատվիրակությանը
Հոկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հոկտեմբերի 10-14-ը Արցախում կայանալիք «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի մասնակից Իրաքի պատվիրակության անդամներին:
Ողջունելով պատվիրակության մասնակցությունը համաժողովին՝ Հայոց Հայրապետն ընդգծեց այդկերպ նրանց ավանդը հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման գործում, իբրև կարևոր նախապայման ժողովուրդների համակեցության և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների բարեկամությանը և առկա հարաբերություններին, կարևորվեցին հանուն խաղաղության գործադրվող բոլոր ջանքերը:
Խոսելով Մերձավոր Արևելքում վերջին տարիներին տեղ գտած ցավալի զարգացումների մասին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ Իրաքի ժողովուրդը Բարձրյալի օգնականությամբ կկարողանա հաղթահարել բոլոր մարտահրավերները և վերագտնել իր խաղաղ և բնականոն կյանքը։