Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի համայնքներում սպասավորող հոգևորականաց խաղաղության կոչը
Ամենասուրբ Երրորդություն,
Տուր աշխարհիս խաղաղություն:
«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի զավակներ, նախաձեռնությունն առաջնորդող սիրելի հոգևոր եղբայրներ:
Խաղաղության այս աղոթքով ամեն կիրակի կանգնում ենք Տիրոջ Սուրբ Սեղանի առջև՝ մեր հոգիների խորքից աղոթելով աշխարհի խաղաղության համար: Արդի մարտահրավերների մեջ խաղաղության պահպանությունը հատկապես Հայ Եկեղեցու առաքելության մաս է կազմում, և նրա սպասավորն է, որ կոչված է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խաղաղությունը փոխանցելու իր հոտին՝ հանդարտեցնելով հոգիները և սերմանելով այնտեղ առ Աստված և դեպի մարդ սերը: Որովհետև, ինչպես մեր Տերն է ասում. «Եթե մեկն ասի, թե՝ սիրում եմ Աստծուն, և ատի իր եղբորը , սուտ է. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել»։ (Հովհաննես 4:20)
Մենք՝ Հայրենիքից հեռու՝ Եվրոպայում ապրող և հայ ժողովրդին սպասավորող հոգևորականներս, երբ մեր ծառայությունը իրականացնում ենք եվրոպական ոչ պահպանողական բարքերի մարտահրավերներով, ամենուր մշտապես փորձում ենք բարձր պահել Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դարերի բարձր հեղինակությունը և մեր ժողովրդի զավակների մեջ սերմանել ավետարանական բարի սերմը, ինչպես նաև վառ պահել նրանց մեջ ազգային բարձր ինքնագիտակցությունը, հայրենասիրությունը, էջմիածնասիրությունը, հավատքն ու խաղաղասիրությունը: Բայց Ձեր նախաձեռնած շարժումը, կամա թե ակամա, այսօր տարբեր բաժանումներ է առաջացնում մեր հավատավոր ժողովրդի մեջ, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցու զավակը չի պատկերացնում պայքարի այն ձևը, որ Դուք եք որդեգրել՝ դուրս գալով փողոց և սևացնելով այն հսկայածավալ աշխատանքը, որ կատարվել է Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ տարբեր թեմերում և համայնքներում: Անշուշտ, Հայ Եկեղեցում կան բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ, սակայն դրանց լուծումը Հայ Եկեղեցու իր կոչումը գիտակցող հոգևորականաց դասը տեսնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Նրա Գահակալի շուրջը համախմբվելով: Ուստի, մեր հորդորն է Ձեզ, որ խաղաղասիրության ոգով վերջ դնեք մեր հավատավոր ժողովրդի հոգևոր կյանքում գայթակղություն առաջացնելուն և համախմբվեք Ձեր հոգևոր հովիվների և առաջնորդ սրբազան հայրերի շուրջը՝ ծառայելով Հայ Եկեղեցու բարի անվան պահպանության առաքելությանը և հայ հավատացյալի հոգու խաղաղությանն ու փրկությանը: Մեր խնդրանքն է, որ Եվրոպայում սպասավորող հոգևորականների անունից հայ հավատացյալին մոլորության մեջ չգցեք, թե բոլորը սատարում են այս շարժմանը, որովհետև մեր ուխտը և Քրիստոնեական հավատքը անհնազանդություն չի ենթադրում, և մենք խնդիրների լուծումը տեսնում ենք մեր նվիրյալ ծառայության մեջ և Հայոց Հայրապետի շուրջը համախմբվելով՝ ի խնդիր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության, հավատավոր հոտի խաղաղության և Աստծո փառքի:
Թող Բարին Աստված իմաստուն դարձնի բոլորիս մտքերը, որպեսզի խոնարհ ծառայությամբ մեր շուրջը տարածենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունը փոխան գայթակղության:
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես աշխարհն է տալիս, Ես եմ տալիս ձեզ, որ ձեր սրտերը չխռովվեն և չվախենաք»: (Հովհաննես 14:27)
Տ. Բարսեղ Վրդ. Փիլավչյան
Չեխիա, Հունգարիա, Սլովակիա
Տ. Եղիշե Վրդ. Ավետիսյան
Շվեդիա
Տ. Նորայր Քհն. Գանջումյան
Շվեդիա
Տ. Անդրեաս Քհն. Իսախանյան
Ավստրիա
Տ. Ստեփանոս Քհն. Հովհաննիսյան
Դանիա
Տ. Վաղարշ Քհն. Իսախանյան
Շվեդիա