Կատարվեց Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի հուղարկավորության արարողությունը
Հունվարի 30-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի հուղարկավորության արարողությունը:
Արարողությունից առաջ, Ս. Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Եկեղեցու կարգը: Այս վշտալի առիթով խոսք ասաց Ամենայն Հայոց Հայրապետը` մասնավորապես անդրադառնալով հանգուցյալ Մեսրոպ Սրբազանի լուսավոր կերպարին և Եկեղեցու անդաստանում արդյունավոր բազմամյա ծառայությանը:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ Մեսրոպ Սրբազանին ճանաչել է որպես էջմիածնասեր, նվիրյալ եկեղեցականի, ով մշտապես նախանձախնդրորեն հանդես է եկել ի պաշտպանություն Մայր Աթոռի շահերի և մինչև կյանքի վերջին ակնթարթն ապրել է այդ գիտակցությամբ, նույն նվիրումով իր ծառայությունը բերել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն:
Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև միջեկեղեցական ասպարեզում Սրբազան Հոր գործունեությանը և գիտակրթական բեղուն կյանքին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հավելելով, որ վաստակաշատ Մեսրոպ արքեպիսկոպոսի վախճանը մեծ ցավ է և կորուստ Հայ Եկեղեցու համար, Բարձրյալին հայցեց երկնքի լուսավոր օթևաններում ընդունել հանգուցյալ Իր ծառայի հոգին:
Վեհափառ Հայրապետը նաև իր պատգամը փոխանցեց երիտասարդ միաբաններին` ճանաչել Սրբազան Հորն իր թողած հարուստ վաստակով, ոգեշնչվել նրա կերպարով և իրենց հոգիներում կրել եկեղեցանվիրումի և էջմիածնասիրության նույն ոգին:
Եկեղեցու կարգի ավարտին, նախագահությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կատարվեց հանգուցյալ Սրբազանի թաղման կարգը: Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի աճյունն ամփոփվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը: