Կատարվեց Ս. Վարդան և Ս.Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանի հիմնարկեքը
Մայիսի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հավարտ Սուրբ Պատարագի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Մայր Տաճարի հյուսիսային կողմում կառուցվող նոր մկրտարանի` Սբ. Վարդան եկեղեցու եւ սուրբ Հովհաննես Մկրտիչ մատրան հիմնարկեքը: Մայր Աթոռի նոր մատուռ-մկրտարանը կառուցվում է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի եւ նրա ընտանիքի ազնիվ բարերարությամբ: Շենքը նախագծել է վաստակաշատ ճարտարապետ Ջիմ Թորոսյանը:
Հանդիսավոր արարողության ընթացքում օրհնվեցին 16 հիմնաքարեր եւ դրվեցին մկրտարանի հիմքերում: Մկրտարանի հիմքում զետեղվեց նաեւ կառույցի հիմնադրման հուշագիրը:
«Այսօր մենք Ձեզ հետ միասին կատարեցինք հիմերի օրհնության արարողությանը սուրբ Վարդան եկեղեցու եւ սուրբ Հովհանես Մկրտիչ մատրան, որոնք պիտի դառնան Մայրավանքի մկրտության սրբազան կառույցները: Այստեղ պիտի գան հայորդիք վերածնվելու հոգեւոր ավազանից մեր սուրբ Եկեղեցու, պիտի գան դրոշմվելու սրբալույս մյուռոնով եւ դառնալու Քրիստոսի Եկեղեցու եւ ժողովրդի նախանձախնդիր զավակներ:
Մենք փառք ենք բարձրացնում առ Աստված, որ Տերը այսպիսի հնարավորություններ է ընձեռել հատկապես այս օրերին, երբ 70 տարիների անհավատությունից հետո մեր ժողովուրդը հոգեւոր կյանքի վերազարթոնք է ապրում եւ իր քայլերը ուղղված է պահում դեպի ճանապարհները սրբազան վանքերի, եկեղեցիների ու տաճարների: Մենք փառք գոհություն ենք առ Աստված բարձրացնում նաեւ, որ Տերը պարգեւում է մեզ բարերար զավակներ, ովքեր իրենց արդար քրտինքի վաստակը բերում են շաղախելու հայոց հողին` զորացնելու Առաքելական մեր սուրբ Եկեղեցին եւ պայծառացնելու հայորիների հավատքը»,- ասաց Ամենայն Հայոց Հայրապետը մկրտարանի կառուցման առիթով:
Նորին Սրբությունը իր գնահատանքը հայտնեց նաեւ Սուրբ Վարդան եկեղեցու եւ սուրբ Հովհաննես Մկրտիչ մատրան բարերար Սարգսյան ընտանիքին, որի անդամները ներկա էին հիմնարկեքի արարողությանը: Վեհափառ Հայրապետը գնահատանքի խոսք ուղղեց նաեւ մկրտարանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանին, ինչպես նաեւ «Հորիզոն 95» շինարարական կազմակերպությանը:
Նոր մկրտարանի կառուցումը նախատեսվում է ավարտել մեկ տարում: