Կատարվեց հոգեհանգիստ լուսահոգի Վարդան Գրեգորյանի համար
Ապրիլի 25-ին Սուրբ Գայանե վանքում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ նորոգ հանգուցյալ հոգելույս Վարդան Գրեգորյանի համար: Վերջինիս մահվան առիթով ապրիլի 17-ին Վեհափառ Հայրապետը ցավակցագիր էր հղել նրա ընտանիքին և բոլոր վշտացյալներին։
Սուրբ Պատարագին և հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, «Ավրորա մարդասիրական նախաձեռնության» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզին:
Արարողության ավարտին Վեհարանում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությունը, անդրադառնալով կրթական, գիտական և հանրային ճանաչված գործիչ, «Ավրորա մարդասիրական նախաձեռնության» համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ բարեհիշատակ Վարդան Գրեգորյանի օրինակելի կերպարին, վերստին իր աղոթքը բարձրացրեց անվանի հայորդու հոգու հանգստության և խաղաղության համար։