Կանադայի հոգեւոր առաջնորդների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Սույն թվականի օգոստոսի 25-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով եւ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի նախաձեռնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածին է ժամանել Կանադայի հոգեւոր առաջնորդների պատվիրակությունը Հայոց գրերի գյուտի 1600-ամյակի առիթով: Պատվիրակության կազմում են Կանադայի Հույն Ուղղափառ եկեղեցու Մետրոպոլիտ Սոտերիոս արքեպիսկոպոսը, Կանադայի Կաթոլիկ Եպիսկոպոսների Կոնֆերանսի նախագահ եւ Ս. Ջոնի արքեպիսկոպոս Կարդինալ Բրենդն Օբրայենը, Կանադայի Անգլիկան Եկեղեցու պետ արքեպիսկոպոս Էնդրյու Յաթչիսոնը եւ Կանադայի Եկեղեցիների Խորհրդի նախագահ Դոկ. Ռիչարդ Շնայդերը:
Օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը պատվիրակությունը կշրջի Հայաստանի տարբեր ուխտավայրերով, մանրամասն կծանոթանա Հայ Եկեղեցու ներկայիս գործունեությանը: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ Արտգործնախարարի եւ ՀՀ ԳԱԱ նախագահի հետ: