Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին
Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային՝ ուղեկցությամբ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի։
Ողջունելով Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Հայոց Հայրապետը շնորհավորեց տիար Գեորգի Գախարիային վարչապետի կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այցը կնպաստի հայ-վրացական դարավոր բարեկամության առավել զորացմանը: Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների միջև եղած պատմական առնչություններին, որոնք հարուստ են փոխօգնության, զորակցության և միասնական պայքարի բազում վկայություններով՝ հաստատելով, որ դրանք այն ամուր հիմքերն են, որոնց վրա պետք է կառուցվի և հաստատվի երկու երկրների գործակցությունը:
Հայոց Հովվապետը փաստեց, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը, որոնց շնորհիվ հաղթահարվել են բազում փորձություններ ու դժվարություններ: Նորին Սրբությունը խոսեց նաև Հայաստանյայց Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիների կարևոր դերակատարության մասին ազգային ինքնության և մշակույթի պահպանության, հայ և վրաց ժողովուրդների համախմբման և պետականաշինության գործում:
Իր հերթին վարչապետ Գեորգի Գախարիան Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքի եղբայրական ողջույնները` համոզում արտահայտելով, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը հիմնված է եկեղեցական սերտ հարաբերությունների վրա: Վարչապետն ընդգծեց, որ Եկեղեցին մշտապես ունեցել է իր կենսական և պետականաշինական նշանակությունը և շարունակելու է այդպիսին մնալ: Անդրադառնալով այցի արդյունքներին` պրն. Գախարիան հավաստիացրեց, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բոլոր հարցերը լուծվելու են եղբայրական հարաբերությունների հիմքի վրա:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր շնորհակալությունը հայտնեց Վրաստանի իշխանություններին Վիրահայոց թեմի գործունեությանը զորակցելու և Վրաստանի հայ համայնքի նկատմամբ խնամք ցուցաբերելու համար` միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն երկրում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պատշաճ պահպանության ուղղությամբ:
Վեհափառ Հայրապետն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետին, ապա հանդես եկավ առաջարկով Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ համատեղ, աջակցությամբ նաև Վրաց իշխանությունների կազմակերպել հոգևոր-մշակութային միջոցառումներ, եկեղեցական արժեքների ցուցադրություններ` ի նպաստ երկու ժողովուրդների միջև մշակութային և հոգևոր կապերի զորացման:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը և խաղաղության ու բարօրության մաղթնանքերը հղեց վրաց ժողովրդին: