Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատվիրակությանը
Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի:
Հանդիպմանը ներկա էին նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը:
Դեսպան Ենգիբարյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով հյուրերին, անդրադարձավ պատվիրակության այցի նպատակներին:
Ողջունելով Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ Վեհափառ Հայրապետը խոսեց հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու ունեցած կարևորագույն դերակատարության մասին՝ հավելելով, որ Հայ Եկեղեցու առաքելությունն անջնջելիորեն միահյուսված է հայ ժողովրդի պատմությանը: Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ քրիստոնեական հավատքի շնորհիվ հայորդիները դարերի ընթացքում դիմագրավել են իրենց առջև ծառացած փորձությունները՝ պահպանելով ազգային ինքնությունը:
Հայոց Հովվապետն իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման և Բունդեսթագի կողմից ընդունած դատապարտող բանաձևի, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատրեազմի ընթացքում ցուցաբերած զորակցության համար:
Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքերին, գերիների վերադարձման հարցին և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրության աջակցությամբ տարածաշրջանում կվերահաստատվի արդարությունը և խաղաղությունը:
Անդրադառնալով Գերնամիայում հայկական համայնքի գործունեությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձնագրեց, որ հայ համայնքը և Հայ Եկեղեցին մշտապես վայելում են Գերմանիայի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը։
Իր հերթին նախագահ Գուննար Շելլենբերգերն ընդգծեց, որ իրենց նպատակն է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների սերտացմաբ էլ առավել ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամական կապը: