Ծայրագույն վարդապետական թեզի պաշտպանություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Մարտի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ներկայությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ ծայրագույն վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:
Ծայրագույն վարդապետության աստիճանի համար «Ս. Եվագր Պոնտացու երկերի Կիրակոս վարդապետ Երզնկացու լուծմունքները (ուսումնասիրություն և բնագրեր)» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
Պաշտպանությունը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա խոսքով հանդես եկավ ծայրագույն վարդապետական թեզերի պատրաստության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը` անդրադառնալով կատարված աշխատանքի կարևորությանը, նախապաշտպանության ժամանակ արված դիտողություններին և առաջարկներին: Հանձնաժողովի կարծիքն ընթերցեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, թեզի ընդդիմախոս Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` հրավիրելով Զաքարիա վարդապետին բանավոր պաշտպանության:
Զաքարիա վարդապետ Բաղումյանն իր խոսքում անդրադարձավ թեզի նպատակին, արդիականությանը և գիտական նորույթին, ապա պատասխանեց ներկաների հարցերին:
Բանավոր պաշտպանությունից հետո հանձնաժողովը, որի կազմում էին նաև Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, դրական եզրակացություն տվեց թեզի պաշտպանությանը` արժանի համարելով Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանին ստանալու ծայրագույն վարդապետության 10 աստիճանները:
Առաջիկայում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Հայր Սուրբը, ընկալյալ ավանդույթի համաձայն, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ կստանա ծայրագույն վարդապետության աստիճան։