Ծաղկազարդին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց մանուկներին

Ծաղկազարդին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց մանուկներին 13.04.2003

Ապրիլի 13-ին` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսավորապես նշվեց Ծաղկազարդը` հիշատակը Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտք գործելու: Այս առթիվ Մայրավանքում Ս. Պատարագ մատուցվեց: Պատարագիչն էր Գերաշնորհ Տ. Հուսիկ արք. Սանթուրյանը:

Նախքան սրբազան արարողությունը, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, զանգակատան դիմաց կատարվեց Անդաստան, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերն ու արմավենու և ուռենու ճյուղերը:

Հավարտ Ս. Պատարագի Վեհափառ Հասրապետն օրհնեց ներկա բոլոր մանուկներին` իր հայրական պատգամը փոխանցելով նրանց: «Այս երեխաները պիտի կրթվեն Աստծո պատգամներով ու պատվիրաններով, որպեսզի ճանաչեն բարին մեր կյանքում և կարողանան իրենց ընթացքը պահել բարու ճանապարհների վրա: Աղոթքով հայցում ենք Երկնավոր մեր Տիրոջից, որ իր ամենախնամ հայացքի ներքո աճ և հասակ պարգևի սիրասուն մեր զավակներին, որպեսզի նրանք լինեն հավատավոր, նախանձախնդիր անձեր մեր հայրերի սուրբ հավատքի, ինչպես նաև արժանավոր քաղաքացիներ մեր ազատ ու անկախ հայրենի երկրի»,- պատգամեց Նորին Սրբությունը: