Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Ապրիլի 9-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:
Այս կապակցությամբ Առավոտյան ժամերգության ավարտին, Մայր Տաճարի շրջափակում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բաշխեց տոնի առիթով Մայր Աթոռում համախմբված բազում մանուկներին: Հայոց Հայրապետը ներկա փոքրիկներին խաչեր նվիրեց, իսկ հավատավոր ժողովրդին բաժանվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղեր:
Ապա Մայր Տաճարում տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ով իր քարոզում մասնավոր անդրադարձ կատարեց տոնի խորհրդին:
Ս. Պատարագի ավարտին վերստին կատարվեց մանուկների օրհնության արարողություն, որի ժամանակ տաճարում ներկա երեխաները հրավիրվեցին ատյան, ուր արժանացան Ամենայն Հայոց Հայրապետի աղոթքին և օրհնությանը: Մայր Տաճարի առջև Նորին Սրբությունը նաև իր հայրական օրհնությունը բաշխեց իր հրավերով Սուրբ Էջմիածին ժամանած Հրազդանի Երեխաների աջակցության հիմնադրամի ցերեկային կենտրոնի հաշմանդամություն ունեցող շուրջ 130 երեխաներին:
Վերջիններիս համար Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի կողմից կազմակերպվեց ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից մանուկներին նվերներ ընծայվեցին: Երեխաները Մայր Աթոռի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը ներկա գտնվեցին իրենց համար հայորդյաց տան սաների կողմից նախապատրաստված համերգին:
Տոնի առիթով Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը 2.000.000 ՀՀ դրամի աջակցություն կցուցաբերի Հրազդանի Երեխաների աջակցության հիմնադրամի ցերեկային կենտրոնին:
Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տարբեր թեմերի եկեղեցիներում ծառայող մանուկ դպիրներին, ովքեր Մայր Տաճարում մասնակցեցին Ծաղկազարդի Ս. Պատարագին: Իր օրհնությունը բերելով նրանց` Նորին Սրբությունը գովեց պատանիներին իրենց հավատավոր նկարագրի համար և մաղթեց նույն ոգով շարունակել եկեղեցանվեր ծառայությունը Տիրոջ Ս. Խորանին: