Ծաղկազարդը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 9-ին Ծաղկազարդի տոնն առանձնահատուկ կերպով նշվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Առավոտյան կատարվեց հանդիսավոր ժամերգություն, որի ավարտին Մայր Տաճարի առջեւ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ներկայությամբ հարյուրավոր հայորդիների կատարվեց անդաստանի` աշխարհի չորս կողմերի օրհնության արարողություն: Անդաստանի ընթացքում օրհնվեցին նաեւ ուռենու ճյուղերը, ապա բաժանվեցին հավատացյալ ժողովրդին:
Միածնաէջ սուրբ տաճարում մատուցվեց պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Նանյանը:
Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր: Այս առիթով հավարտ Սբ. պատարագի Իջման Սբ. Սեղանի առջեւ Նորին Սրբության առաջնորդությամբ կատարվեց մանուկների օրհնության կարգ:
Նույն օրը պատարագի սրբազան արարողությունից հետո, Վեհարանի հարկի ներքո, Վեհափառ Հայրապետh ընդունեց Վաղարշապատ քաղաքի շուրջ 150 մանուկների` քաղաքապետ Գագիկ Ավագյանի եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ: Նորին Սրբությունը շնորհավորեց ներկաներին իրենց համար հիշարժան այդ օրվա առիթով` Հայրապետական իր օրհնությունը, հայրական պատգամն ու բարեմաղթանքները հղելով խանդավառ մանուկներին: Հանդիպման ավարտին մանուկներին հանձնվեցին նվերներ:
Նույն օրը Վեհարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նաեւ Հայաստանում գտնվող Լոս Անջելեսի Շամլյան վարժարանի սաներին եւ մանկավարժներին: