"Խաղաղություն, Անվտանգությու ն եւ Հաշտություն» աշխատանքային խմբի հանդիպումը Բրյուսելում
Սույն թվականի նոյեմբերի 26 եւ 27-ին Բրյուսելի Էկումենիկ կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) «Խաղաղություն, Անվտանգություն եւ Հաշտություն» աշխատանքային խմբի հանդիպումը:
Հայ Առաքելական Եկեղեցին` որպես ԵԵԿ անդամ, ներկայացուցիչներ ունի ԵԵԿ տարբեր կառույցներում: Հայ Առաքելական Եկեղեցին ԵԵԿ Կենտրոնական Կոմիտեում եւ «Եկեղեցիները երկխոսության մեջ» հանձնախմբում ներկայացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Գերաշնորհ Դոկտոր Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը, «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբում` նույն բաժնի աշխատակից Հոգեշնորհ Տ. Հովակիմ աբղ. Մանուկյանը, իսկ «Խաղաղություն, Անվտանգություն եւ Հաշտություն» աշխատանքային խմբում` երեցկին Պոլա Դեւեջյանը:
Հանդիպման նպատակն էր ծանոթանալ եւ քննարկել ընթացիկ հարցերը եւ աշխատանքային խմբի համար հաստատել նպատակներ եւ առաջադրանքներ: Ընդհանուր թեման խաղաղություն եւ հաշտություն հասկացությունների քրիստոնեական ընկալման զարգացումն էր: Առաջին նախաձեռնությունը Եվրոմիության Հանձնախմբի կողմից հաստատված Անվտանգության Ռազմավարության վերանայումն է: Աստվածաբանական եւ գործնական բացատրություն պետք է պատրաստվի եւ հանձնարարականներ պետք է հղվեն «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբին` անդամ եկեղեցիներին առաքելու համար: Ընդհանուր նպատակ ունենալով ուղիներ գտնել եկեղեցիներից ներս հաշտությունը հիմնական հարց դարձնելու` որոշում կայացվեց նաեւ բաց երկխոսություն սկսել այն անձանց միջեւ, որոնք ուղակիորեն ներքաշված են եղել շրջանային հակամարտությունների մեջ` ուսումնասիրելու հարցի լուծման մեթոդաբանությունները եւ եկեղեցիների հնարավոր մասնակցությունն ու առաջնորդությունը: Մասնակիցներ պետք է հրավիրվեն Հյուսիսային Իռլանդիայից եւ Բալկաններից:
Հաջորդ հանդիպումը կրկին տեղի կունենա Բրյուսելում, 2005 թ. մայիսին: