Ի Տեր ննջեց Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հունվարի 14-ի երեկոյան, կյանքի 85-րդ տարում, Ավստրիայում վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը:
Բազմավաստակ Մեսրոպ Սրբազանի վախճանը մեծ կորուստ է Հայոց Եկեղեցու համար։
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանությունը սգում են հոգելույս Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյան
Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը (ավազանի անունը՝ Գեւորգ) ծնվել է 1932 թ. հոկտեմբերի 25-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում:
1939-46 թթ. նախնական կրթությունը ստացել է տեղի Հայկազյան հայկական վարժարանում:
1946-47 թթ. սովորել է Հալեպի Բեթել վարժարանում:
1947 թ.` վարժարանն ավարտելուց հետո, ընդունվել է Անթիլիասի դպրեվանք:
1952 թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Դերենիկ եպիսկոպոս Փոլադյանի ձեռնադրվել է սարկավագ:
1952 թ. համապարփակ ուսումնասիրություն է գրել Ստեփանոս արքեպիսկոպոս Սյունեցու մասին, որը հրատարակվել է 1958 թ.Բեյրութում:
1953 թ. հունիսին ավարտել է դպրեվանքը և հուլիսին ձեռամբ Գերաշնորհ Տ. Դերենիկ եպիսկոպոս Փոլադյանի ձեռնադրվել կուսակրոն քահանա` ստանալով Մեսրոպ անունը:
1953-1956 թթ. դպրեվանքում դասավանդել է Հայոց պատմություն, Գրաբար և Մատենագրություն առարկաները, միաժամանակ պաշտոնավարել է որպես գրադարանի փոխտնօրեն, Ձեռագրատան գլխավոր պատասխանատու և տպարանի տեսուչ:
1956 թ. պաշտպանել է վարդապետական թեզ «Կիլիկիո կաթողիկոսության` Անթիլիասի ձեռագրերի ընդարձակ նկարագրությունները» թեմայով և Աստվածածնի վերափոխման տոնին վարդապետական աստիճան է ստացել` ձեռամբ Գերաշնորհ Տ. Խադ արքեպիսկոպոս Աջապահյանի:
1956-57 թթ., 10 այլ միաբանների հետ կողմնորոշվելով ի նպաստ Ամենայն Հայոց Կաթողիկոսության, եղել է Անկախ Միաբանության դպրեվանքի տեսուչ: Տեսչության ընթացքում, ուսանողների հետ Բիքվայայից հեռացվել է, ապա հաստատվել Բեյթ Մերի գյուղում` հայ ազգայինների հովանավորությամբ մեկ տարի ևս շարունակելով դպրեվանքի դասերը և տեսչությունը:
1957-1958 թթ. Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան երկրորդական վարժարանում դասավանդել է Կրոն, Գրաբար և Մատենագրություն, միաժամանակ հովվություն անել։
1957-58 թթ. «Սփյուռք» շաբաթաթերթի հիմնադիրներից և հրատարակիչներից է եղել:
1959 թ. Գալուստ Կյուլպենկյան հիմնադրամի մրցանակ-կրթաթոշակով մեկնել է Անգլիայի Դարհըմ (Durham) համալսարան` հետևելու Արևելագիտության և աստվածաբանության դասընթացներին:
1959 թ. ամռանը մեկնել է Վիեննա, ծանոթացել հայ համայնքին, այնուհետև, 1959-61 թթ. ուսման տարիներին, եղել է Վիեննայի այցելու հոգևոր հովիվ:
1961 թ. ավարտել է համալսարանի արևելագիտության բաժինը և սկսել աշխատանքը «Հայ ժողովրդի մասնակցությունը Օսմանյան հանրային կյանքին Արևելյան Անատոլիայի և Սիրիայի մեջ 1860-1908 թթ.» դոկտորական թեզի վրա:
1962 թ. հունվարից Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Վիեննայի հոգևոր հովիվ:
1964 թ. հունիսին ստացել է արևելագիտության դոկտորի գիտական աստիճան: Նույն թվականի հուլիսին կազմակերպել է Վիեննայի Ս. Հռիփսիմե եկեղեցու հիմնօրհնեքը:
1964 թ. Սրբազանը ակտիվորեն գործակցել է կարդինալ Ֆրանց Կյոնիգի կողմից հիմնադրված «Պրո Օրիենտե» կազմակերպության հետ։ Նույն թվականին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` ձեռամբ Վազգեն Ա Կաթողիկոսի, ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան:
1964-74 թթ. եղել է Մայր Աթոռի պաշտոնական ներկայացուցիչը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում:
1964-78 թթ. միաժամանակ հովվել է Հունաստանի հայ համայնքին:
1969 թ. պաշտոնապես նշանակվել է «Պրո Օրիենտեի» աստվածաբանական խորհրդատու և Մայր Աթոռի ներկայացուցիչ: 1970 թ. «Պրո Օրիենտեի» խորհրդատվական մարմնի հետ կազմակերպել է Հին Արևելյան Ուղղափառ և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների միջև անպաշտոն երկխոսություն։
1979 թ. Սրբազան Հայրը նշանակվել և 1980 թ. հունվարին հայրապետական կոնդակով հաստատվել է որպես Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ:
1980 թ. Վազգեն Ա Հայրապետի կողմից նշանակվել է Հայ Եկեղեցու կանոնադրության մշակման հանձնախմբի անդամ:
1986 թ. սեպտեմբերի 21-ին, ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս:
1992 թ. 60-ամյակի առթիվ ստացել է արքության պատիվ:
2002 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 70-ամյակի առթիվ պարգևատրվել է Հայ Եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» շքանշանով:
2003 թ. հոկտեմբերի 5-ին քահանայական ձեռնադրության 50-ամյակի առթիվ պարգևատրվել է Հայ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշանով:
1981 թվականից Վիեննայի Համասարանի Բյուզանդագիտության բաժնում Մեսրոպ Սրբազանը դասավանդել է «Հայ ժողովրդի քաղաքական պատմություն» և գրաբար, դասախոսութուններ կարդացել «Հայ միջնադարյան մատենագրության», «Քրիստոսաբանական վեճեր Բյուզանդական կայսրության մեջ» թեմաներով: 1986 թ. Վիեննայի համալսարանը Սրբազան Հորը շնորհել է պրոֆեսորի կոչում:
2010 թ․ Մեսրոպ Սրբազանը կոչվել է հանգստի։
Սրբազան Հայրը հեղինակ է մի շարք գրքերի, առանձին ուսումնասիրությունների և հոդվածների («Ստեփանոս արքեպիսկոպոս Սյունեցի» ուսումնասիրությունը, «Հայ ժողովրդի մասնակցությունը Օսմանյան հանրային կյանքին Արևելյան Անատոլիայի և Սիրիայի մեջ 1860-1908թթ.» դոկտորական աշխատանքը, գերմաներենով «Ֆրանց Վերֆել եւ Կոմիտաս» գիրքը և «Հայ Եկեղեցին» ուսումնասիրությունը, «Հրատարակիչ Վանանդեցիները» և «Սեբեոս պատմիչի գրքի վերականգնման մասին» ուսումնասիրությունները, 6 հատոր Կրոնի դասագիրք):