էկումենիկ պաշտոնյաների հավաք Ժնեւում
Մայիսի 19-22-ը, Ժնեւում, Բոսեի Էկումենիկ դպրոցում, տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի էկումենիկ պաշտոնյաների հանդիպումը` «Խոստումի ժամանակից դեպի անապատային թափառումներ» թեմայով, որին մասնակցում էին ԵՀԽ անդամ Եկեղեցիների եւ էկումենիկ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Հոգեշնորհ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ներկայացնում էր Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը:
Մայիսի 19-ին ժողովականներն այցելեցին Ժնեւում գտնվող ԵՀԽ կենտրոնական գրասենյակ, ուր հանդիպեցին ԵՀԽ Գլխավոր Քարտուղար դոկ. Սամուել Կոբիայի եւ Նոբելյան մրցանակակիր, Անգլիկան Արքեպիսկոպոս Դեսմունդ Տուտուի հետ: Ժողովի ընթացքում մասնակիցները քննարկումների եւ ելույթների միջոցով ներկայացրեցին անդամ եկեղեցիներում տեղի ունեցող ձեռքբերումներն ու էկումենիկ հարաբերություններում առկա մարտահրավերները: Անդրադարձան «Էկումենիզմը 21-րդ դարում» թեմային եւ լսեցին ԵՀԽ 60-ամյակի առիթով երիտասարդ երկու աստվածաբանների պատրաստած դասախոսությունները:
ժողովականները հանդիպեցին նաեւ ԵՀԽ ծրագրերի տնօրեններին եւ ծանոթացան միջկրոնական երկխոսության, բռնությունը եւ աղքատությունը հաղթահարելու, կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառներում իրականացվող ծրագրերին եւ կատարվող աշխատանքներին: Առանձին քննարկումներ տեղի ունեցան «Հավատք եւ Կարգ», ինչպես նաեւ «Առաքելություն եւ Ավետարանում» հանձնախմբերի ղեկավարների հետ:
Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը հանդիպեց ԵՀԽ գլխավոր քարտուղար դոկ. Սամուել Կոբիայի եւ ԵԵԿ գլխավոր քարտուղար Վեր. Քոլին Վիլյամսի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Վրաստանի կրոնական կյանքին եւ մասնավորապես Վիրահայոց թեմի կարգավիճակին ու հայկական եկեղեցիների հետ կապված խնդիրներին: