Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն

Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն 07.07.2019

Հուլիսի 7-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող տասներկու սարկավագներ:

Ս. Պատարագի ընթացքում Սիոն Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով քահանաների ճակատներն ու ձեռքերը և շնորհելով նրանց հայոց արքաների և սրբերի անուններ: Գարեգին սրկ. Սողոմոնյանը վերակոչվեց Տ. Աբգար քահանա, Հարություն սրկ. Երանյանը՝ Տ. Երվանդ քահանա, Սարգիս սրկ. Ծատուրյանը՝ Տ. Բենիամին քահանա, Վոլոդյա սրկ. Նաջարյանը՝ Տ. Վարազդատ քահանա, Գևորգ սրկ. Հակոբյանը՝ Տ. Արտաշես քահանա, Հովհաննես սրկ. Օհանյանը՝ Տ. Տրդատ քահանա, Լևոն սրկ. Բադիրյանը՝ Տ. Տիգրան քահանա, Հովհաննես սրկ. Գալստյանը՝ Տ. Գյուտ քահանա, Ստեփան սրկ. Ասատրյանը՝ Տ. Արամ քահանա, Նարեկ սրկ. Աբրահամյանը՝ Տ. Աշոտ քահանա, Համբարձում սրկ. Հակոբյանը՝ Տ. Վաղարշ քահանա և Ռազմիկ սրկ. Դավթյանը՝ Տ. Լևոն քահանա:

Ձեռնադրության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

Այնուհետև իր քարոզում Սրբազան Հայրը, խոսելով ձեռնադրության սուրբ խորհրդի և քահանայական կոչման մասին, դիմեց նորաօծ եկեղեցականներին՝ մասնավորաբար ասելով. «Սիրելի նորընծաներ, դուք հաջորդականությունն եք առաքելական շավիղի, երբ Տերը փոխանցեց առաքյալներին, առաքյալներն էլ մեր հայրապետներին և այսպես շարունակ Եկեղեցու մեջ մինչև այսօր:

Ձեռնադրության խորհրդով դուք ոչ միայն նոր կյանք, նոր անուն, նոր կոչում եք ստացել, այլ նաև նոր հնարավորություններ, նոր իրավունքներ, որովհետև դուք պետք է գնաք քարոզելու, հովվելու ձեր ժողովրդին և, ինչպես աղոթքի մեջ է ասվում, զգաստ սիրտ թող տա ձեզ Տեր Աստված, որովհետև այս նոր ժամանակներում առավել ևս կարիք կա զգաստության, զգոնության, խելամտության և ողջախոհության»:

Սիոն արքեպիկոսպոսը կոչ արեց նորաօծ քահանաներին ծառայել հավատքով, սիրով և հավատարմությամբ:

«Եթե դուք ունենաք հավատք, դուք կարող եք բոլոր տեսակի դժվարությունները, պատնեշներն ու ժայռերը հաղթահարել ու անցնել առաջ, որովհետև այդ հավատքով մեր Տեր Հիսուս Քրիստոս նույնպես գնաց և կատարեց իր առաքելությունը՝ փոխանցելով այն նաև մեզ, որպեսզի մենք էլ հստակ գիտակցենք, որ քրիստոնյայի, առավել ևս հոգևորականի կյանքը հանգստավետ կյանք չէ, դյուրին կյանք չէ:

Փշոտ է հոգևորականի կյանքը. նախատինք, նզովք, չարչարանք պետք է կրեն հանուն Հիսուս Քրիստոսի»,- ընդգծեց Սրբազան Հայրը՝ հորդորելով նրանց հավատարիմ լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Սուրբ Էջմիածնի միաբանությանը:

Սիոն Սրբազանը ձեռնադրության կապակցությամբ իր շնորհավորանքներն ուղղեց Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին՝ մաղթելով, որ Նորին Սրբության օրհնության ներքո նորանոր հոգևորականներ գան ու ծաղկազարդեն Հայ Եկեղեցու անդաստանն իրենց անսասանելի, անձանձրույթ աղոթքով և ծառայությամբ: Պատարագիչ Սրբազանն ի սրտե շնորհավորեց նաև Մայր Աթոռի միաբանությանը, նորաօծների ընտանիքների անդամներին և համայն հայությանը՝ Հայ Եկեղեցու ծոցում տասներկու նոր մշակների ծննդյան առնչությամբ:

Ապա գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռի միաբանները և ներկա հոգևորականները բարձրացան Սուրբ Խորան, շնորհավորեցին քահանաներին և համբուրելով վերջիններիս մյուռոնաբույր ճակատներն ու աջերը` ստանալով նրանց անդրանիկ «Ողջույն»-ը:

Նորընծա քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում: