Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն
Հունիսի 10-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, քաղաքամայր Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի,
քահանայական ձեռնադրության և օծման արժանացան թվով 12 սարկավագներ:
Ս. Պատարագի ընթացքում Տաթև Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով քահանանների ճակատներն ու ձեռքերը և շնորհելով նրանց մայիսյան հերոսամարտերին մասնակցած հոգևորականների և աշխարհականների անուններ: Գարուշ սրկ. Ասատրյանը վերակոչվեց Տ. Գևորգ քահանա, Սամվել սրկ. Սարգսյանը՝ Տ. Գարեգին քահանա, Արթուր սրկ. Աբգարյանը՝ Տ. Աբգար քահանա, Արթուր սրկ. Խունոյանը՝ Տ. Մեսրոպ քահանա, Արիստակես սրկ. Սարգսյանը՝ Տ. Անդրանիկ քահանա, Գրիգոր սրկ. Թիլիքյանը՝ Տ. Արամ քահանա, Արսեն սրկ. Մաթևոսյանը՝ Տ. Հովհաննես քահանա, Տիգրան սրկ. Մակարյանը՝ Տ. Ավետիս քահանա, Մարգար սրկ. Հագեյանը՝ Տ. Համազասպ քահանա, Արշակ սրկ. Հովհաննիսյանը՝ Տ. Սիմեոն քահանա, Հովհաննես սրկ. Թորգոմյանը՝ Տ. Եզնիկ քահանա և Արմեն սրկ. Հայրապետյանը՝ Տ. Զավեն քահանա:
Ձեռնադրության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:
Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը, անդրադառնալով քահանայության կարևորությանը, իր քարոզում մասնավորաբար ասաց.«Այսօր՝ այս սրբազան պահին, ցնծություն և հրճվանք ենք ապրում բոլորս, քանզի քիչ առաջ, ներկայությամբ ազգիս Վեհափառ Հայրապետի, եպիսկոպոսաց, քահանայից, սարկավագաց դասի և մեր Սուրբ Եկեղեցու զավակաց, քահանայագործության կոչվեցին 12 սարկավագներ: Հնազանդության ուխտ կնքելով Աստծո առաջ՝ քառասնօրյա պահեցողության, խոկման շրջանն անցնելուց հետո 12 օծյալ քահանաներ պիտի մուտք գործեն Հայ Եկեղեցու սրբազան անդաստան՝ հովվելու, ծառայելու, սպասավորելու, միջնորդելու, ուսուցանելու, թողություն տալու, կապելու և արձակելու
Տիրոջից տրված բարձրագույն իշխանությամբ»:
Դիմելով նորընծաներին՝ Սրբազան Հայրը հավելեց. «Աստծո ծառա և սպասավոր անվանվելը մեծ պատիվ է և միևնույն ժամանակ մեծագույն պատասխանատվություն: Եթե պարզ մարդիկ պատասխանատու են և հաշվետու Աստծու առաջ յուրաքանչյուրն իր ոգու և իր արարքների համար, ապա դուք այսուհետև պատասխանատու եք ձեզ վստահված հոտի ամեն մի անդամի համար: Աստված ձեզանից հաշիվ է պահանջելու ամեն մի կորուսյալ անձի համար, ամեն մի կորսված հոգու համար, որին կարող էիք դարձի բերել և ուղղորդել դեպի Քրիստոս, որն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Դուք եք, որ այսուհետև Ս. Ավազանի մկրտությամբ երկրորդ ծնունդ պիտի պարգևեք մեր զավակներին, խավարի մեջ նստողներին դեպի լույս պիտի առաջնորդեք և, իբրև աղ, պիտի համեմեք մեր ժողովրդի կյանքը: Տիրոջ խոսքի համաձայն՝ ձեզանից պահանջվում է անսասան հավատք, անմնացորդ նվիրում և զոհաբերություն, քանզի առանց այս երեք անհրաժեշտ և հիմնարար գործոնների, դատապարտված պիտի լինեք ձախողման: Պատրաստ եղեք անվերապահ հնազանդությամբ կատարելու ձեր հոգևոր ծառայությունը, որտեղ էլ լինեք՝ աներկյուղ և անտրտունջ պայծառացնելու մեր Ս. Եկեղեցին, լուսավորելու մեր ժողովրդին, որին ծառայելու բեռը և պատիվը այսօր դուք ստանձնեցիք: Պատահական չէին նաև ձեզ տրված անունները. գտնվելով մայիսյան հերոսամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանական տարում՝ մեր տեսլականն էր ձեզ օծել այն հոգևորականների և աշխարհականների անունով, որոնք հերոսացան, իրենց անձը, եսը և շահը զոհաբերեցին վասն հավատո և վասն հայրենյաց»:
Այս կապակցությամբ Տաթև եպիսկոպոսն իր որդիական խոնարհումը բերեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին՝ իրեն բարձրագույն պատվի արժանացնելու համար, նաև շնորհավորեց Մայր Աթոռի միաբանությանը, նորաօծների ընտանիքների անդամներին և համայն հայությանը՝ Հայ Եկեղեցու անդաստանը 12 նոր մշակներով համալրվելու առնչությամբ:
Ապա, գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանները և ներկա հոգևորականաց դասը բարձրացան Ս. Խորան, շնորհավորեցին քահանաներին և համբուրեցին վերջիններիս մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` ստանալով անդրանիկ «Ողջույն»-ը:
Նորաձեռնադրյալ 12 քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում: