Երկրորդ Ծաղկազարդի տոնը և Հանրապետության օրվա ոգեկոչումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Երկրորդ Ծաղկազարդի տոնը և Հանրապետության օրվա ոգեկոչումը  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 28.05.2017

Մայիսի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Երկրորդ Ծաղկազարդի տոնը, որն այս տարի համընկել էր նաև Հանրապետության օրվա հետ:

Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական ժողովական կառույցների տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Հայր Սուրբն իր քարոզում մասնավորապես անդրադարձավ Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծմանը և պետականության կարևորությանը հայ ժողովրդի կյանքում` ընդգծելով նաև Հայոց Եկեղեցու մեծ դերակատարությունը մայիսյան հերոսամարտերում:

«Անկախ պետություն և պետականություն ունենալը մեր հայրերի դարավոր երազանքն է եղել, որի համար նրանք պայքարել են և համառ ջանքեր գործադրել: Փառք Աստծո, այսօր ունենք Հայաստանի երրորդ Հանրապետությունը, որը թեպետ բազում խնդիրների և մարտահրավերների առաջ է կանգնած, բայց այն մերն է, մեր սրբազան Հայրենիքը: Այն առավել սիրո, գուրգուրանքի և խնամքի կարիք ունի:

Չպետք է մոռանալ, որ Հայոց աշխարհը սրբացված է մեր սուրբ նահատակների արյամբ և զորացած իր քաջարի զավակներով: Մենք այլ Հայրենիք չունենք և օտար երկրների փոխարեն մեր Հայրենիքի շենացմանը պետք է լծվենք: Մեր մտավոր ամբողջ ուժը, տաղանդը և տարբեր ձիրքերը պետք է ի սպաս դնենք մեր Հայրենիքի զորացման և բարգավաճման համար: Հայրենիքի հզորությունը կախված է մեզանից յուրաքանչյուրից, մեր անդուլ և նախանձախնդիր աշխատանքից, Հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրուց և նվիրումից...: Ուստի այսօր առավել քան երբևէ կարիքն ունենք զգոնության և համախմբման, քանզի Սարդարապատը չի սահմանափակվում օրով կամ թվականով: Այն շարունակվող հերոսամարտ է, պայքարի և լինելիության ոգի, քանզի իբրև ազգ` դատապարտված ենք հաղթանակած դուրս գալու տեսանելի և անտեսանելի բոլոր պատերազմներից», - նշեց Հայր Զաքարիան:

Քարոզի վերջում պատարագիչ Հայր Սուրբը կոչ արեց լինել համախմբված և միաբան՝ հարատևորեն աղոթք բարձրացնելով առ Աստված հայրենիքի ամրության, բարօրության և խաղաղ կյանքի համար:

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Գոհաբանական մաղթանք, որի ընթացքում հոգևորականները ներկա ժողովրդի հետ միասին աղոթեցին Հայաստանի Հանրապետության անսասանության, զորացման ու շենացման համար: