Երկու Հայրապետերն այցելեցին Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց
Մայիսի 3-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ Շենուդա Գ-ն այցելեցին Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց, ուր նրանց դիմավորեց դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին աբղ. Հարությունյանը:
Դպրանոցի նորակառույց համալիրին ծանոթանալուց հետո երկու Հայրապետները «Հրաշափառի» երգեցողության ներքո մտան Ս. Հակոբ եկեղեցին, ուր կատարվեց համատեղ աղոթք:
Այնուհետեւ գեղարվեստական հայտագրով հանդես եկան դպրանոցի սաները: Բարիգալստյան խոսքով Հովվապետերին ողջունեց Տեսուչ Հայր Սուրբը` անդրադառնալով Վազգենյան դպրանոցի առաքելությանը եւ այն մարտահրավերներին, որոնք ծառացած են այսօր հայ եկեղեցականի առջեւ:
Հավարտ հանդիսության իր օրհնության խոսքն ասաց Ալեքսանդրիայի Պապ եւ Ս. Մարկոսի Աթոռի Պատրիարք Շենուդա Գ-ն, որ մասնավորաբար անդրադարձավ եկեղեցականի կոչմանն ու առաքելությանը` պատգամելով, որ հոգեւորականը ոչ միայն գիտությամբ, այլ նաեւ իր հոգեւոր կյանքով պետք է օրինակ լինի իր հոտի համար` ամենքին առաջնորդելու դեպի Աստծո արքայություն:
Այցի ավարտին դպրանոցի բակում կատարվեց նաեւ ծառատունկ: