Երկու Հայրապետերն այցելեցին Գիտությունների Ազգային Ակադեմիա

Երկու Հայրապետերն այցելեցին Գիտությունների Ազգային Ակադեմիա 03.05.2003

Մայիսի 3-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ Շենուդա Գ-ն այցելեցին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա, ուր նրանց դիմավորեցին ակադեմիայի պաշտոնեությունը` գլխավորությամբ ԳԱԱ-ի նախագահ Ֆադեյ Սարգսյանի:

Վերջինս երկու Հովվապետերին մանրամասն ներկայացրեց ԳԱԱ-ի գործունեությունն ու ապագա ծրագրերը եւ այն սերտ կապերը, որ գոյություն ունեն Հայ Առաքելական Եկեղեցու եւ ԳԱԱ-ի միջեւ: Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունը եւ գնահատանքը հայտնեց ԳԱԱ-ի ողջ անձնակազմին զորակցության եւ այն սիրո համար, որ մշտապես դրսեւորվում է հանդեպ առաքելական սուրբ եկեղեցին եւ նրա առաքելությունը: «Թեպետ ԳԱԱ-ն հիմնադրվել է խորհրդային տարիներին, սակայն առաջին իսկ պահից այս հաստատությունից ներս մշտապես առկա է եղել մեր հայրերի հավատքի սրբազան լույսը եւ հարգանքը հանդեպ Հայ Եկեղեցին»,- ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը:

Շենուդա Գ Պատրիարքն իր շնորհակալությունը հայտնեց ջերմ ընդունելության համար` մեծապես կարեւորելով ԳԱԱ-ի գործունեությունը ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի համար: «Մենք պետք է ճանաչենք մեր ներքին գիտությունը, ինքներս մեզ, մեր միտքը, հոգին եւ ոգին: Մենք մեծապես կարեւորում ենք աշխարհի գիտությունը, բայց պետք է ընկալենք նաեւ այն գիտությունը, որ գալիս է երկնքից»,- իր խոսքում նշեց Ս. Մարկոսի Աթոռի Պատրիարքը:

Ի նշան փոխադարձ սիրո եւ հարգանքի` Հայոց Հայրապետը ԳԱԱ-ին նվիրեց Ս. Էջմիածնի Ավետարանի նմանահանությունը:

Քույր եկեղեցիների երկու Հովվապետերը ԳԱԱ կատարած այցից հետո հանդիպում ունեցան նաեւ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հետ:

Հետմիջօրեին երկու Հայրապետերն այցելեցին Արաբկիրի հայորդյաց տանը գտնվող բարեգործական ճաշարան, ուր հանդիպեցին տարեցների հետ, ինչպես նաեւ եղան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Ս. Ներսես Մեծ» բժշկական կենտրոնում: