Եպիսկոպոսաց հավաք` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Եպիսկոպոսաց հավաք`  Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում 28.11.2003

Մայր Տաճարի օծման 1700-ամյակի հոբելյանական ձեռնարկումների շրջանակներում հոկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ իր աշխատանքն սկսեց Եպիսկոպոսաց խորհրդակցական հավաքը: Ամենայն Հայոց Հայրապետի հրավերով Հայաստանից եւ սփյուռքից հավաքին մասնակցում են 37 սրբազան հայրեր:

Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Սրբազան հայրերը, նորոգելով իրենց ուխտը հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, աղոթք մատուցեցին Մայր տաճարում` մասնակցելով Ճաշու պաշտոնի: Արարողությունից հետո Վեհարանի հանդիսությունների սրահում հավաքի կազմակերպման հանձնախմբի ատենապետ Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Զավեն արք. Չինչինյանի բացման խոսքով եպիսկոպոսաց հավաքն սկսեց իր աշխատանքը:

Հավաքի մասնակիցներին իր ողջույնի եւ օրհնության խոսքը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը կարեւորությամբ շեշտեց եպիսկոպոսաց դասի առաքելությունն Եկեղեցու կյանքում:

«Առաքելական հաստատությամբ եպիսկոպոսը բարձրաստիճան սպասավորն է, տեսուչն ու վերակացուն եկեղեցու` կոչված նախանձավորը լինելու Հայաստանյայց Եկեղեցու վարդապետության, հետեւորդը` ուղիղ ընթացքին ու գործերին մեր սուրբ հայրերի, Ավետարանական պատվիրանների ու պատգամների շավիղներում առաջնորդելու եւ անկորուստ պահելու իր խնամքին հանձնված հոտը բանավոր: Մեր եպիսկոպոսները կոչված են նաեւ պատվիրակն ու դեսպանը լինելու Սուրբ Էջմիածնի»:

Վեհափառ Հայրապետն էական նկատեց եպիսկոպոսական հավաքների պարբերական գումարումը` ներկա ժամանակներում Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին ու կուտակված խնդիրներին համարժեքորեն արձագանքելու եւ պատասխաններ գտնելու համար:

Այնուհետեւ, ըստ նախատեսման, հավաքի մասնակիցներին ներկայացվեցին Նորվան եպս. Զաքարյանի եւ Եզնիկ եպս. Պետրոսյանի զեկուցումները եպիսկոպոսների եւ եպիսկոպոսաց դասի առաքելության, ինչպես նաեւ Հայ Եկեղեցուն ու հավատացյալ ժողովրդին հուզող խնդիրների առնչությամբ: Զեկուցումների շուրջ ծավալվեցին քննարկումներ:

Հավաքն իր աշխատանքը կշարունակի եւ կամփոփի հոկտեմբերի 29-ին: