Եպիսկոպոսական ուխտի Պատարագ Սուրբ Գայանե վանքում
Մայիսի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում իր եպիսկոպոսական ուխտի Պատարագը մատուցեց Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, ով եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման էր արժանացել մայիսի 12-ին:
Պատարագին ներկա էին Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններ, եկեղեցական և աշխարհական ներկայացուցիչներ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունից, Ավստրիայի Ասորի Ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ քորեպիսկոպոս Էմմանուել Այդինը, Վիեննայի համալսարանի կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետի ծիսագիտության և խորհուրդների աստվածաբանության ամբիոնի վարիչ դոկտոր Հանս Յուրգեն Ֆոյլները և ուխտավոր հայորդիներ:
Սրբազան արարողության ընթացքում իր քարոզում Տիրան Սրբազանը խոսեց եպիսկոպոսական բարձր և չափազանց պատասխանատու աստիճանի մասին` նշելով, որ այն արժանապատվորեն կրելու է աստվածային և երկնային շնորհի հանդեպ հնազանդության ու Տիրոջ առաքելությանը համագործակից դառնալու գիտակցությամբ: «Աստծո կանչին անվերապահ հնազանդությունն ու վստահությունն է, որ մեզ բոլորիս՝ քրիստոնյաներիս, օգնում է աճել Ավետարաններում նկարագրված թթխմորի և սերմի օրինակներով և ներքին վերափոխություն ապրել: Ավետարանը նաև շատ հստակ է ասում, որ եթե մենք մեզ դնում ենք Աստծու ծառայության մեջ, նա մեր մեջ հրաշքներ է գործում:
..,Արդարև, մենք ևս պատրաստ ենք մեր անձը դնելու Տիրոջ ծառայության գործին՝ անսալով Նրա խոսքին և վստահելով Նրան: Աստված էլ մեր մեջ կարող է հրաշքներ գործել: Միանշանակ է, երբ առանց տարակուսելու վստահում ենք մեր Աստծուն, Նա մեր հոգու մեջ նոր հորիզոններ է բացում` գործակիցը դառնալու իր սուրբ առաքելության»,- ընդգծեց Սրբազան Հայրը՝ հաստատելով, որ ամեն օր, ամեն վայրկյան Աստված կանչում է բոլորին, բայց ոչ թե ստանալու, ինչ-որ բան վերցնելու, այլ տալու համար ու տալիս է առատորեն և լավագույնը:
Իր խոսքում Տիրան եպիսկոպոսն անդրադարձավ նաև Սուրբ Էջմիածնի խորհրդին ու առաքելությանը՝ մասնավորապես շեշտելով. «Շատ հաճախ են ասում, որ Էջմիածինն ունի առաքելություն. ստիպված եմ մի փոքր խմբագրել և ասել՝ Էջմիածինը չունի առաքելություն, Էջմիածինն ինքն առաքելություն է: Սուրբ էջմիածինը մեր ազգի խարիսխն է, մեր ինքնության կորիզը: Բայց հարց են տալիս մեզ՝ ինչու՞ է այդպես: Մենք աշխարհով մեկ ունենք հարյուրավոր և հազարավոր հրաշալի կոթողներ՝ տաճարներ, եկեղեցիներ, որտեղ բնակվում է Աստված, ուր մենք գնում ենք Իր հետ հանդիպման: Բայց Սուրբ Էջմիածինն ուրիշ նշանակություն ունի: Ինչու՞ է այդպես. որովհետև Տերն երկու անգամ իջավ աշխարհ՝ մեկը` Երուսաղեմ, իսկ մյուսը՝ Էջմիածին, որովհետև այս վայրն է, այս սրբությունն է, որ ընտրեց Աստծո Որդին իբրև հանդիպման վայր իր ընտրյալ ժողովրդի՝ հայերիս հետ: Դրա շնորհիվ է, որ մեզ համար մեծ սրբություն է Էջմիածնի խորհուրդը»: Վերջում պատարագիչ Սրբազանն իր որդիական խոնարհումը բերեց Ամենայն Հայոց Հայրապետին իրեն եպիկոպոսական շնորհին արժանացնելու համար՝ մաղթելով Հայոց Հորը երկար տարիների արևշատ և եկեղեցաշեն գահակալություն: Տիրան եպիսկոպոսը նաև իր երախտագիտությունը հայտնեց Մայր Աթոռի միաբանությանը, լուսարարապետությանը և հոգևոր կրթական հաստատություններին` իր հոգևոր նկարագրի կերտման գործում մեծ ներդրում ունենալու համար: Ս. Պատարագի ավարտին ուխտավորները վերստին շնորհավորեցին Սրբազան Հորը եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով: