Եպիսկոպոսական ձեռնադրություն՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Եպիսկոպոսական ձեռնադրություն՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում 11.10.2004

Սեպտեմբերի 26-ին` Վարագա Ս. Խաչի տոնի օրը, Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն։ Հընթացս Սբ. Պատարագի, ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում ստացավ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը։

Նախորդ օրը, երեկոյան ժամերգության ընթացքում Իջման Սբ. Սեղանի առջեւ ընծայացուն հանդիսավոր կերպով ընթերցեց եւ ստորագրեց երդումնագիրը` որպես հավատարմություն իր եպիսկոպոսական ուխտին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը։

Կիրակի, պատարագիչ Վեհափառ Հայրապետը, թափորով առաջանորդվեց Մայր Տաճար, ուր Սբ. Ստեփանոսի խորանին տեղի ունեցավ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանի հավատքի ուղղափառության քննությունը։

Ըստ ընդունված կարգի` եկեղեցական նվիրապետական աստիճանների ներկայացուցիչներ՝ դպիրներ, սարկավագներ, քահանաներ, ինչպես նաեւ ժողովրդի տարբեր խավերը ներկայացնող երկուական աշխարհականներ, մոտենալով Հայոց Հայրապետին, իրենց վկայությունը բերեցին ձեռնադրյալի մասին։ Ապա Նորին Սրբությունը հաստատեց ընծայացուի վկայագիրը եւ նրան շնորհեց եմիփորոն։

Այնուհետեւ Սբ. Պատարագը շարունակվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին։ Ընծայացուն ծնկաչոք դառնալով դեպի հավատացյալ ժողովուրդը, վեր բարձրացրեց ձեռքերը՝ ի նշան բոլորանվեր ծառայության։

Ձեռնադրության Մաշտոցից ընթերցելով աղոթքներ ՝ Նորին Սրբությունը նրան վարդապետությունից կոչեց եպիսկոպոսության։ Վեհափառ Հայրապետը սրբալույս մյուռոնով օծեց ընծայացուի ճակատն ու աջ ձեռքի բութ մատը, ապա նրան հանձնվեցին եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը՝ եպիսկոպոսական գավազանն ու մատանին։ Օծման ավարտին Վեհափառ Հայրապետն իր պատգամն ուղղեց նորաօծ եպիսկոպոսին։

«Ամեն անգամ, երբ հոգևոր՝ առավել ևս եպիսկոպոսական աստիճանի շնորհմամբ եկեղեցական ենք ծառայության կոչում հոգևոր մեր անդաստանից ներս մխիթարություն ենք ապրում, քանզի զգում ենք Տիրոջ զորակցությունը Մեզ, ականատես ենք լինում մեր Եկեղեցվո վերազարթոնքին և հավատում ենք, որ կարող պիտի լինենք իրականացնել Տիրոջից մեզ ավանդված ծառայության պատգամը: Հավատում ենք, որ Սուրբ Էջմիածնի մյուռոնով դրոշմված հոգիներ պիտի լծվեն Սուրբ Էջմիածնի շինությանն ու պայծառությանը: Հավատում ենք, որ սրբալույս մյուռոնը նոր կորով, նոր եռանդ ու քաջամտություն պիտի պարգևի ընծայալին: Մենք միահյուսված ենք տեսնում Սուրբ Էջմիածնի խորհուրդը հոգևոր իշխանության շնորհի հետ: Ահա թե ինչու հոգևոր իշխանության բարձրագույն աստիճանի շնորհումը՝ եպիսկոպոսական ձեռնադրությունը մեր հայրեր իմաստնաբար տնօրինեցին կատարել բացառաբար Միածնաէջ Մայր Տաճարում, քանզի Սուրբ Էջմիածինն է հոգին հայության ամբողջական մարմնի»,- նշեց Վեհափառ Հայրապետն իր խոսքում։

Եկեղեցական արարողությունից հետո ի պատիվ նորընծա եպիսկոպոսի Մայր Աթոռում տեղի ունեցավ ընդունելություն։ Վեհափառ Հայրապետը նորաօծ Արշակ եպիսկոպոսին հանձնեց եպիսկոպոսական պանակե։

Արարողությանը ներկա էին Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամներ, Սբ. Էջմիածնի միաբան հայրեր, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, գիտության և մշակույթի գործիչներ:


* * *
Տ. ԱՐՇԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (ավազանի անունով՝ Սամվել) ծնվել է 1973թ. օգոստոսի 5-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում։
1980-1990թթ. ստացել է միջնակարգ կրթություն ։
1990թ. ընդունվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգեւոր ճեմարան։
1996թ. մայիսի 19-ին ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Անանիա եպս. Արաբաջյանի։
1996թ. ավարտել է Սբ. Էջմիածնի հոգեւոր ճեմարանը։ 1997թ. պաշտպանել է ավարտաճառ «Հնդկահայ գաղութը եւ Մայր Աթոռի նվիրակությունը Հնդկաստանում» թեմայով՝ արժանանալով «գերազանց» գնահատականի։
1996-1997թթ. աշխատել է Վեհարանում որպես քարտուղար։
1997թ. դեկտեմբերի 14-ին ձեռամբ Եգիպտոսի թեմի առաջնորդ Զավեն արք. Չինչինյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա։
1998թ. նշանակվել է Մայր Աթոռի պարետ։
1999թ. մարտին Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Տ. Գարեգին արք. Ներսիսյանի կողմից ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագրի պաշտոնակատար։
2000թ. հունվարին նորընտիր Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է նորաստեղծ «Մայր Աթոռ-Թեմեր» գրասենյակի վարիչ-տնօրեն։
2001թ. հունվարին Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ։
2001թ. պաշտպանել է վարդապետական թեզ «Հայ եկեղեցու նվիրակությունը» թեմայով։ Նույն թվականի փետրվարի 22-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գրշ. Տ. Նավասարդ եպս. Կճոյանի ստացել է մասնավոր վարդապետական 4 աստիճան։
2004թ. սեպտեմբերի 26-ին, ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս։