Եպիսկոպոսական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Եպիսկոպոսական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում 16.01.2006

Հունվարի 15-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն: Հընթացս սբ. պատարագի ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում ստացան Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ վրդ. Մնացականյանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ վրդ. Նալբանդյանը:
Նախորդ օրը՝ հունվարի 14-ի երեկոյան Մայր Տաճարում Իջման Սբ. Սեղանի առջև կատարվեց ուխտադրության կարգ, որի ընթացքում ընծայացուներն ուխտեցին հավատարիմ մնալ Սբ. Ավետարանին, Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու սրբազան կանոններին եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին և ստորագրեցին երդմնագրերը:
Հայրապետական պատարագի ընթացքում, Սբ. Ստեփանոսի խորանի առջև նախ կատարվեց երկու ընծայացուների հավատքի ուղղափառության քննություն։ Ձեռնադրվելիք եպիսկոպոսների մասին Վեհափառ Հայրապետին վկայեցին Հայ Եկեղեցու նվիրապետական աստիճանների ներկայացուցիչները՝ դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև ժողովրդի զանազան խավերը ներկայացնող աշխարհականներ:
Այնուհետև Սբ. պատարագը շարունակվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին: Վերջինները, դառնալով դեպի հավատացյալ ժողովուրդը, վեր բարձրացրին իրենց ձեռքերը՝ ի նշան հոգեւոր կյանքին բոլորանվեր նվիրման: Ձեռնադրության Մաշտոցից աղոթքների ընթերցմամբ Նորին Սրբությունն ընծայացուներին կոչեց եպիսկոպոսության, ապա սրբալույս մյուռոնով օծեց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները, որպեսզի առավել իմաստությամբ, առավել անձնվիրությամբ, իբրև Աստծո պաշտոնյաներ, իրենց անձերն ընծայեն և շարունակեն բարի ծառայություն բերել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ձեռնադրության արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը՝ եպիսկոպոսական գավազաններ եւ մատանիներ, ինչպես նաև ի նշան Աստծո Խոսքի անձանձիր քարոզչության՝ Ս. Ավետարան:
Օծման ավարտին Վեհափառ Հայրապետն իր պատգամն ուղղեց նորաօծ եպիսկոպոսներին։ «Արդարև, անցյալում են մնացել մռայլ օրերը մեր Եկեղեցու վերջին ժամանակաշրջանի պատմության, երբ Տիրոջ մշակներն իրենց հոգևոր սպասավորությունն իրականացնում էին «համբերութեամբ բազմաւ, ի նեղութիւնս, ի վի՛շտս, ի չարչարա՛նս, ի գանս և ի բա՛նտս» (Բ Կորնթ. 6.4-5): Այսօր մեր Սուրբ Եկեղեցին իր փրկչական առաքելության շավիղներում անցյալի դժվարությունները հաղթահարած` կանգնած է նոր մարտահրավերների առջև` ազգային-եկեղեցական կյանքն առավել զորացնելու հրամայականով: Փառք և գոհություն Աստծո, որ Տիրոջ կամոք և օրհնությամբ, Եկեղեցու առջև ծառացած խնդիրների լուծմանն ի նպաստ բարի արդյունքներ են արձանագրվում մեր Սուրբ Եկեղեցու առաքելության ընթացքին, և մեր հոգևորականաց շարքերը համալրվում են երիտասարդ նոր սպասավորներով, ներկայիս նաև` երկու նորաօծ եպիսկոպոսներով, ովքեր ուխտեցին իրենց եպիսկոպոսական նվիրյալ ծառայությամբ «անխոտոր և անսայթաք ընթանալ ի վարդապետութեան հաւատոյ և պատուիրանաց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ»:
...Մենք վստահ ենք, որ «յամենայնի» իրենց անձերն ընծայելով որպես Աստծո նախանձախնդիր պաշտոնյաներ, որպես հավատարիմ սպասավորներ ու հոգևորականներ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և համայն հայության հավատի վեմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նորոգ ձեռնադրյալ Աշոտ և Արմաշ Սրբազանները պիտի արդյունավետ շարունակեն իրենց առաքելությունը Տիրախնամ իրենց թեմերում»,- մասնավորապես ասաց Հայոց Հայրապետը:
Նորին Սրբությունն ի դեմս Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների նաև իր շնորհակալությունը հայտնեց Եգիպտոսի և Սիրիայի կառավարություններին, որոնց հովանավորությունն ու բարյացակամությունն են վայելում այդ երկրներում ապրող հայորդիները` իրենց ներդրումն ու նպաստը բերելով այդ երկրների բարօրությանն ու առաջընթացին:
Արարողությանը ներկա էին Հայաստանի և Արցախի թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռի միաբաններ,Գերագույն Հոգևոր խորհրդի անդամներ, Եգիպտոսի և Սիրիայի Արաբական Հանրապետությունների արտակարգ և լիազոր դեսպանները, Եգիպտոսի և Դամասկոսի հայոց թեմերի թեմական խորհուրդների պատվիրակությունները:
Հավարտ սբ. պատարագի Մայր Աթոռում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Հայոց Հայրապետը նորաօծ եպիսկոպոսներին նվիրեց պանակեներ՝ իբրեւ եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշ:


Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյան

Տ. Աշոտ վարդապետ Մնացականյանը (ավազանի անունով՝ Գարուն) ծնվել է 1972թ. նոյեմբերի 4-ին Գորիսի շրջանի Տաթեւ գյուղում։
1979-1989թթ. սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։
1989-1995թ.թ. ընդունվել եւ ավարտել է Սուրբ Էջմիածնի հոգեւոր ճեմարանը՝ պաշտպանելով ավարտաճառ «Հովհան որոտնեցու կյանքն ու դավանաբանական հայացքները» թեմայով։
1995թ. հոկտեմբերի 22-ին ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի։
1995-1996թ.թ. եղել է Մայր Աթոռի ձեռագրատան պատասխանատուն։
1996թ. հունիսի 2-ին ձեռամբ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա։
1996-2001թ.թ. եղել է Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի Մայր Աթոռի գրասենյակի պատասխանատուն։
2002թ. մարտին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Անառակ որդու առակը հայ մեկնողական գրականության մեջ» թեմայով եւ ստացել վարդապետության աստիճան։
2002թ. հոկտեմբերի 14-ից Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ։
2004թ. փետրվարին 21-ին ընտրվել է Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ։
2005 թ. ընտրվեց Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ:

Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան

Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը (ավազանի անունով՝ Հակոբ) ծնվել է 1973թ. հունվարի 29-ին Սիրիայի Հալեպ քաղաքում:
Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Կիլիկյան ճեմարանում։
1987թ.-ին ընդունվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։
1991թ.-ի սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է սարկավագ։
1993թ.-ին ավարտել է Գևորգյան ճեմարանը, պաշտպանելով «Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի (1911-1930) կյանքն ու գործունեությունը» ավարտաճառը։
1993թ.-ի դեկտեմբերին Գերմանիայի Հայոց Առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հրավերով և Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Հայրապետի բարձր տնօրինությամբ մեկնել է Գերմանիա՝ ուսման եւ հոգևոր ծառայության նպատակով։
1995-2000թթ. հովվական ծառայության հետ մեկտեղ Նյուրնբերգ-Էրլանկեն Համալսարանում ուսանել է ավետարանական աստվածաբանություն։ Այստեղ ուսանել է նաև հին հունարեն և լատիներեն լեզուները` միաժամանակ հմտանալով Սուրբ Գրքի մեկնողական մեթոդների մեջ:
1998 թ. նոյեմբերին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Հայրապետի բարձր տնօրինությամբ և ձեռամբ Գերմանիայի Հայոց Առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի Քյոլն քաղաքում ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ստանձնելով Հարավային Գերմանիայի հայ համայնքների հոգևոր հովվությունը:
2000թ.-ին հետևել է Թյուբինգենի կաթոլիկ աստուածաբանության համալսարանին։
2003թ.-ի դեկտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտպանել է «Հայ Եկեղեցւոյ Պատարագը 5-րդ դարէն մինչեւ այսօր» վարդապետական թեզը և ստացել մասնավոր վարդապետության աստիճան:
2004 թ. ընտրվել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ: