ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն ամփոփեց «Աշխարհն իմ պատուհանից» նկարչական մրցույթի արդյունքները
Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսասրահում կայացավ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան (ԵՀԽ ՀԿՍ) հիմնադրամի նախաձեռնած «Աշխարհն իմ պատուհանից» թեմայով նկարչական մրցույթի եզրափակիչ միջոցառումը և ցուցահանդեսը՝ մրցույթում ընդգրկված 140 երեխայի և ՀԿՍ գործընկերների մասնակցությամբ։
Թեմայի ընտրությունը կատարվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի 8 թեմապատկան համայնքային կենտրոնի ներկայացուցիչների էլեկտրոնային քվեարկության միջոցով։
Մրցույթը կազմակերպվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի հովանու ներքո գործող, հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր համայնքային կենտրոնների՝ Աշտարակի և Սաղմոսավանի (Արագածոտն), Քարակերտի և Գայի (Արմավիր), Գավառի և Վարդենիսի (Գեղարքունիք), Վանաձորի (Լոռի) և Իջևանի (Տավուշ), նկարչության խմբակներ հաճախող 7-11 և 12-16 տարեկան դպրոցականների համար։ Երեխաները ներկայացրել են ձեռքով նկարված հեղինակային աշխատանքներ, որոնք արտահայտում են մրցույթի խորագիրը՝ «Աշխարհն իմ պատուհանից»:
Սեպտեմբերի 7-ին և 8-ին կայացել են մրցույթի մասնակիցների ներկայացրած նկարների ընտրության առաջին ու երկրորդ փուլերը։ ժյուրիի անդամները կատարել են իրենց ընտրությունը՝ հետևելով թեմային և մրցույթի պայմաններին, ներկայացված բովանդակալից աշխատանքին, գաղափարական հարստությանը, օգտագործված յուրատիպ ու անհատական մոտեցմանը, գունային հետաքրքիր լուծումներին, գրավչությանը, բարդությանն ու տեխնիկային։
Հոկտեմբերի 31-ին մրցույթի արդյունքների հրապարակման միջոցառման բացումն աղոթքով կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ, ԵՀԽ ՀԿՍ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ․ Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը։ Նա նաև փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությունը և հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին։ Սրբազան հայրը հիշեցրեց նաև Հայաստանում ապաստանած արցախցի 30000 երեխաների մասին։
ՀԿՍ հոգաբարձուների խորհրդի անդամ, նկարչական մրցույթի ժյուրիի նախագահ Տ․ Պարույր ավագ քահանա Ավետիսյանը շնորհակալություն հայտնել Կլոր սեղանի անձնակազմին՝ մրցույթի կազմակերպման համար և երեխաներին մաղթեց, որպեսզի պատուհանը, որից տեսնում են աշխարհը նաև դառնա Աստծո լույսը ներս թողնող լուսամուտ։
Մրցույթի մասնակիցներին ողջունեց նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը և մասնակիցներին մաղթեց հաջողություններ արվեստում և կյանքում։
ՀԿՍ ծրագրերի պատասխանատու, մրցույթի կազմակերպման պատասխանատու Հարություն Կարապետյանը հրապարակեց մրցույթի երկու տարիքային խմբերի հաղթողների անունները և զբաղեցրած հորիզոնականները։
7-ից 11 տարեկան խմբի հաղթողներ
1․ Հովհաննես Անտոնյան, Լոռու մարզ,
2․ Մարի Հարությունյան, Արմավիրի մարզ,
3․ Աննա Երեմյան, Արմավիրի մարզ։
12-ից 16 տարեկան խմբի հաղթողներ
1․ Լուսինե Կարապետյան, Արմավիրի մարզ,
2․ Սարգիս Մկրտչյան, Արագածոտնի մարզ,
3․ Լուսինե Գևորգյան, Արմավիրի մարզ։
Մրցույթի մասնակիցները Կլոր սեղան հիմնադրամի կողմից ստացան խրախուսական նվերներ։
Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը բոլոր մասնակիցների համար նվիրել էր Թեմատիկ Աստվածաշունչ երեխաների համար գիրքը։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանի նախաձեռնությամբ միջոցառումից հետո մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ։