Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն
Փետրվարի 4-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Ս. Վարդանանց զորավարների տոնին նվիրված հանդիսություն:
Հանդիսությունը բացվեց Տերունական աղոթքով, հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
Ճեմարանի տեսուչը գոհունակությամբ նշեց, որ հանդիսությամբ ի մի են եկել Ճեմարանի սաներն ու Երևանի պետական համալսարանի ուսանողները, առաջին անգամ նախաձեռնությանն են միացել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները, ինչպես նաև` այլ բուհերի ուսանողներ, Թերլեմեզյանի ուսումնարանի սաներ, զինվորներ ու երիտասարդներ, որոնց համար Վարդանանց հերոսական հաղթանակը ոչ միայն պատմական հիշարժան անցք է, այլ հայրենիքի ներկայի կերտման, հոգևոր հայի ձևավորման ու կայացման անբեկանելի իրականություն:
«Տղմուտի ափին տասնհինգ և ավելի դարեր առաջ տեղի ունեցածը երկսայրի սրի պես հավետ գամվեց քրիստոնյա հայի կյանքին ու պատմությանը: Վարդանը, Գարեգինը, Արտակը, Խորենն ու նրանց զինակիցները հանդես բերեցին խոստովանության մի նոր որակ: Տեր Հիսուս Քրիստոս առաքյաներին իր իսկ աստվածությունը երբեք չբացահայտեց պարզ հաստատումներով, այլ հարցադրումներով. «Իսկ դու ի՞նչ ես կարծում` ո՞վ եմ ես»: Վարդանանքից դարեր առաջ հայն արդեն իսկ իր հոգում պատասխանել էր Քրիստոսի այս հարցադրմանը և որպես իր պատասխանի վկայություն` ի հարկի զոհաբերվել իր խոստովանության համար: 451 թ.-ի մայիսին հային վիճակվել էր ևս մեկ խոստովանություն անել, այս անգամ իր էությունն ընկալելու որպես անխզելի միասնություն հայկականության և քրիստոնեության:
…Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո խաչը և արի՛ իմ ետևից… Ծանոթ հրավեր է ամենքիս, որով մեր Տերը նախանշել է հաղթության ճանապարհով իրեն հետևելու նախապայմանը: Այս հրավերին ի պատասխան վասն հավատո և վասն հայրենյաց մաքառումի առաքելությամբ Վարդանանք հաղթահարեցին իրենց վախը կամքի զորությամբ, ձեռնոց նետեցին ճակատագրին հայրենյաց հանդեպ պարտքի զգացումով և ընդդիմացան մահվան հետ հաշտվելու, հոգևոր մահ ընդունելու չար առաջարկին», - ասաց Հայր Սուրբը` մաղթելով, որ Հայոց աշխարհն այսօր էլ տա վարդաններ ու ղևոնդներ և ամենքի սրտում դաջի հավատքի ու հայրենիքի համար ինքազոհումի ու կենսանվիրումի նվիրական առաքինությունները:
Հայր Գարեգինն անվանակոչության ուրախալի տոնի առիթով ներկաների անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին` ցանկանալով գահակալության անսասան բերկրանք ու կյանքի բազմաբյուր երջանիկ օրեր:
Հանդիսության մասնակիցներին ողջունեց նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Մարկոսյանը:
«Վարդանանց տոնը մեր Եկեղեցու տոնացույցի ամենասիրված, ազգային տարրերով առանձնացող տոներից մեկն է, որն արդեն յոթերորդ տարին է` մեծ շուքով և հանդիսավորությամբ հայոց հոգևոր մայրաքաղաքում նշում ենք միասին: Վարդանանց պատերազմում ս. նահատակների արյան գնով ձեռք բերված բարոյական հաղթանակը մեր ազգի իքնության խորհրդանիշն է: Այն սրբագործեց մեր ժողովրդի ազգային-կրոնական կյանքն ու բարոյական նկարագիրը: Հիրավի, այս տոնը հայրենասիրության և ոգու առկայության դրսևորում է», - նշեց նա:
Ապա քաջարի զորավարների սխրանքի մասին բանախոսությամբ հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը:
Հանդիսության ընթացքում Վարդանանց խորհրդին նվիրված հոգևոր ու հայրենասիրական երգերով և ասմունքով ելույթ ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանի, Երևանի պետական համալսարանի և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները:
Վերջում իր պատգամն ու օրհնությունը ներկաներին բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Իր գնահատանքը բերելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությանը, Երևանի պետական համալսարանի և Պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին` Վեհափառ Հայրապետը Վարդանանց ազգային մեծ տոնի և անվանակոչության առիթով շնորհավորեց բոլորին:
Ապա անդրադառնալով Վարդանանց նահատակության խորհրդին Հայոց Հովվապետն ասաց. «Սիրելինե՛ր, այսօր հոգու խնդությամբ ենք նշում տոնը Սրբոց Վարդանանց, ովքեր` որպես քաջարի և հայրենասեր մարտիկներ, սերունդներ են խանդավառել` պայքարելու հանուն Հայրենիքի ազատության, մեր նախնյաց հավատի, սրբությանց, հանուն մեր հոգևոր արժեքների պահպանության:
…Տիրոջ և ազգային մեր սրբությունների հանդեպ հավատքն ու հավատարմությունն էր, որ առաջնորդեց Վարդանանց նահատակներին` մղելու կենաց և մահու պայքար իրենցից առավել մեծաքանակ և հզոր բանակի դեմ:
…Վարդանանք ունեին քրիստոնեական ճշմարիտ սերն իրենց անձերում. սեր, որ առավել է, քան մահը: Վարդանանք սուրբ են, քանզի նահատակվեցին իրենց հավատքի անաղարտության ու ազգային և նվիրական սրբությունների պաշտպանության համար: Սուրբ Վարդանանք Տիրոջ նկատմամբ հավատարմության օրինակն են, քանի որ բարի պատերազմ մղեցին` նայելով հավատքի զորագլուխ մեր Տեր Հիսուսի Քրիստոսին, հանձն առնելով խաչը, արհամարհելով վախը և մահվան սարսափը` ստացան հավատքի նահատակության լուսե պսակը»:
Խոսելով պատմության մեջ նահատակության օրինակների մասին` Նորին Սրբությունը նշեց, որ Վարդանանց հերոսամարտն իր խորհրդով նոր էջ բացեց քրիստոնեական նահատակության պատմության մեջ: Նա հավելեց, որ Ս. Վարդանանք` կանգնած կրոնափոխության պարտադրանքի իրողության առջև, այլ ճանապարհ որդեգրեցին. Քրիստոսի հանդեպ իրենց հավատքն ու հավատարմությունը վկայելու` ազատության, արդարության և ճշմարտության համար մարտի դաշտ իջնելով և նահատակության պսակ ընդունելով: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ Վարդանանք իրենց օրինակով ապագա սերունդներին պատգամ թողեցին` միշտ քաջությամբ կանգնելու բոլոր այն բիրտ ուժերի դեմ, որոնք կփորձեն ձեռք բարձրացնել քրիստոնեական իրենց հավատքի, հայրենի սրբազան ժառանգության և հայրենիքի ազատ ու ապահով կյանքի նկատմամբ:
«Վարդանանց խորհուրդը չի վերաբերում միայն 1036 վկաներին: Վարդանանց ոգին փոխանցվել է հետագա բոլոր սերունդներին: Անցյալ դարում Հայոց Ցեղասպանության նահատակների անձերում ևս փայլատակեց Վարդանանց ոգին ու քրիստոնեական սերը, ովքեր իրենց հավատքն ու ազգային դիմագիծը չենթարկեցին աղավաղման ու շահարկումներին, այլ մշտապես վառ պահեցին քրիստոնեական հավատքի սրբությունն ու ազգային ինքնության գիտակցությունը:
Վարդանանք մեզ համար պարզապես պատմություն կամ հիշողություն չեն, նրանք կենդանի խորհրդանիշ են բարու պայքարի. պայքար հանուն մեր դարավոր ու նվիրական սրբությունների, որ միշտ պիտի մղենք: Ավարայրը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտություն կա պայքարելու Առաքելական մեր հավատքի, ազգային մեր ինքնության, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության և մեր սրբազան արժեքների պահպանության համար: Նախանձախնդիր ու եռանդուն ջանքեր ներդնենք` մեր գործերում, մեր աշխատանքի ու ծառայության մեջ հաջողություններ ունենալու համար, քանզի յուրաքանչյուրիս առանձին հաղթանակը բարիք է ազգի համար, իսկ համայն ազգի հաղթանակը փառք է բոլորիս համար: Պայքարել հանուն հավատքի և հայրենիքի նշանակում է` ապրել Վարդանանց ոգով, հանձնառությամբ և արիությամբ` կապված մեր սուրբ նախնյաց ավանդին ու սրբություններին», - հավելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մաղթելով, որ Տերը Ս. Վարդանանց բարեխոսությամբ խաղաղություն պարգևի ողջ աշխարհին, Իր շնորհներն սփռի համայն հայոց ազգի վրա ու պահպանի ամենքին հավատարմության ու արիության ոգու մեջ` խաղաղությամբ, միասնական ջանքերով շարունակելու ամրացնել հասարակական, պետական և ամենից կարևորը` հոգևոր-բարոյական մեր կյանքի հիմքերը:
Վեհափառ Հայրապետը նաև առ Աստված աղոթք բարձրացրեց հայրենիքը Վարդանանց քաջարի ոգով պաշտպանող հայորդիների համար, որպեսզի թշնամու ոչ մի գնդակ չխոցի նրանց, և նրանք ապահով կերպով իրականացնեն իրենց ծառայությունը: