գրական-գեղարվեստական միջոցառում
Նոյեմբերի 9-ին, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում հոբելյանական տոնակատարությունների շրջանակում տեղի ունեցավ հերթական գրական-գեղարվեստական ցերեկույթը, որը կազմակերպել էր ճեմարանի անգլերեն լեզվի երկարամյա ուսուցիչ Բրիտա Ռոյը: Բեմ ելած ամեն մի ճեմարանական փորձում էր յուրովսանն ցույց տալ իր շնորհներն ու հմտությունները` արժանանալով ներկաների ծափողջույններին:
Միջոցառման ընթացքում առաջին դասարանցիներն ներկայացրեցին անգլերեն լեզվով պատրաստած իրենց փոքրիկ ծրագիրը, որից հետո ութերորդ դասարանցիներ Երանուհի Առաքելյանը եւ Կարեն Մկրտչյանն ասմունքեցին:
Հատկապես հետաքրքրական էին ճեմարանականների կողմից Շեքսպիրի «Հուլիոս կեսար» եւ ճեմարանի ուսուցչուհի Բրիտա Ռոյի հեղինակած «Բժշկումը» վերտառությամբ թատերական ներկայացումները:
Հանդիսության վերջում եզրափակիչ խոսքով հանդես եկավ Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց Բրիտա Ռոյին, որ արդեն տասնամյակներ շարունակ իր անմնացորդ ծառայությունն է բերում Մարդասիրական ճեմարանին, ապա անդարադարձավ Աստծո կողմից մարդկանց տրված շնորհների օգտագործման կարեւորությանը:
«Այս գեղեցիկ միջոցառումը եւ հատկապես դերասանական ձեր հմտությունները եւս մեկ անգամ փաստում են, որ բազմաթիվ շնորհալի երեխաներ կան ձեր մեջ, ուստի ամեն ինչ պետք է անել Տիրոջ կողմից մեզ տրված շնորհները ճիշտ եւ տեղին օգտագործելու համար: Երբեք չպետք է մոռանաք, որ 185-ամյա պատմական կրթական հաստատության սաներն եք ամենքդ, որ ձեր ուսերի վրա կրում եք պատասխանատվություն եւ պարտականություն` բարձր պահելու համար Մարդասիրական ճեմարանի անունը` ի կատար ածելով նրա երախտարժան բարերարների կտակը»,-նշեց Հայր Սուրբն իր խոսքում: